«Տարիներ առաջ, երբ Սպիտակում մեծ դժբախտություն պատահեց, մենք եկանք, մի ամբողջ ամիս աշխատեցինք այստեղի հիվանդանոցում: Կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները մեծ օգուտ կտան ե՛ւ մեզ, ե՛ւ Հայաստանի բժիշկներին»,- այսօր՝ մայիսի 22-ին, Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների միջազգային համագումարի ընթացքում հայտարարեց Վնասվածքաբան-օրթոպեդների ռուսական ասոցիացիայի կառավարման անդամ Վահրամ Աղաջանյանը, որն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է համագումարին:
Համագումարը 6-րդ անգամ է անցկացվում, նրան մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից եւ Բելառուսից: Համագումարը տեւելու է 4 օր՝ մայիսի 22-ից մինչեւ մայիսի 25-ը:
Համագումարի փոխնախագահ, Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների ասոցիացիայի փոխնախագահ Տաթեւիկ Խանամիրյանը նշեց, որ նմանատիպ համագումարներ կազմակերպում են 4 տարին մեկ անգամ .
«3 օր ակտիվ աշխատանք է լինելու տեղում՝ գիտական զեկույցներով, սեմինարներով, հատուկ սեմինարներով երիտասարդ մասնագետների համար, տարբեր կլոր սեղաններով, որտեղ որ քննարկվելու են աշխատանքային բոլոր այն խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք: Մասնակցում են ոչ միայն վնասվածքաբան-օրթոպեդներ, այլ նաեւ նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ, միկրովիրաբույժներ եւ վիրաբույժներ»:
«Ածխահատների առողջության պահպանության գիտակլինիկական կենտրոնի» տնօրենը նշեց.
«Տարիներ առաջ, երբ Սպիտակում մեծ դժբախտություն պատահեց, մենք եկանք, մի ամբողջ ամիս աշխատեցինք այստեղի հիվանդանոցում: Կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները մեծ օգուտ կտան ե՛ւ մեզ, ե՛ւ Հայաստանի բժիշկներին»:
Համագումարին ներկա էր նաեւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա իր խոսքում նշեց, որ իրենց համար ուրախալի է, որ աշխարհի տարբեր երկրներից առաջատար մասնագետներ Հայաստան են այցելել, եւ համագումարի ընթացքում մասնագետների փորձի փոխանակումը կնպաստի ոլորտի զարգացմանը.
«Դեռեւս 1976 թվականին առաջին անգամ ոսկրային մատրիցան գործածությունը՝ մարդկանց բուժման գործընթացում եղել է հայ բժիշկների նվաճումներից: Եվ մեր օրթոպեդական հաջողությունները մեզ այսօր ոգեշնչում են կիսվել եւ մեր գործընկերներին ներկայացնել Հայաստանի հաջողությունները»:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ Առողջապահության նախարարությունը մեծ տեղ է տալիս մասնագիտական միավորումներին, մասնավորապես այն միջոցառումներին, որոնք ստանալու են միջազգային հավատարմագիր. «Շարունակական բժշկության զարգացման գործընթացում կարեւորելու ենք հենց մասնագիտական միավորումների աշխատանքը, անշուշտ, նրանց հավատարմագրված լինելու պարագայում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ