Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը հարցնում է դատախազին, թե ինչպե՞ս կարող են երեխային նստավայրում մոռանալ, եթե այլ պատճառ չկա

Մայիս 22,2014 13:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Խուդոյանի, Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի բողոքի քննությունը:

Գրասենյակին էին այս տարվա փետրվարի 15-ին դիմել նշյալ անձինք:

Էջմիածնի բնակիչները հայտնել էին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ, իրենց ՀՀ նախագահի նստավայրի մոտից Վաղարշապատի ոստիկաններն առավոտյան ժ.6.15-ին քաղաքացիական հագուստներով , տարբեր մեքենաներով, բռնություններ կիրառելով տեղափոխել են Էջմիածին: Նրանք իրենց իսկ տանը պահվել են անազատության մեջ, տունը եղել է շրջափակված:
Տաթեւիկ Սիրադեղյանը հայտնեց, որ Աշոտ Խուդոյանի ընտանիքը նստավայրում բողոքի ակցիաներ է արել անցյալ տարվա նոյեմբերի 28-ից:

Իրավապաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ Աշոտ Խուդոյանի մարմնին առկա են եղել վնասվածքներ, որոնք դատաբժշկական փորձաքննության համաձայն, թեթեւ մարմնական վնասվածքների խմբին չեն պատկանում:

Այս կապակցությամբ դիմել են Հատուկ քննչական ծառայություն, եւ քննիչի պաշտոնակատար Ռ.Հարությունյանն իր՝ մարտի 3-ի որոշմամբ մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ:

Քննիչին ազատել են, իսկ քննիչի որոշման կապակցությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին:

Ըստ բողոքաբեր կողմի, ՀՔԾ-ն որեւէ միջոց չի ձեռնարկել, պարզելու, թե ինչ հանգամանքներում է ստացել Աշոտ Խուդոյանը մարմնական վնասվածքները: Փորձագետները վնասվածքների վաղեմությունը որոշել չեն կարողացել, սակայն բողոքաբեր կողմը ներկայացրել է տեսաձայնագրություն, Աշոտ Խուդոյանի հետ կապված, եւ հարց բարձրացվեց, ինչու չի ուսումնասիրվել տվյալ տեսանյութը, որը կատարվել է լրատվամիջոցի կողմից:

Այդ տեսանյութով հնարավոր էր պարզվեր Խուդոյանին բռնությամբ տարածքից հանելու եւ ստացված վնասվածքների միջեւ կապը:

Բաղրամյան 26-ից այդ օրը ոստիկանները ստացել են ահազանգեր: Իրավապաշտպանը հարցնում է, թե ինչ ահազանգեր են ստացվել, ինչ գործողություններ էր պատրաստվել անել Ա.Խուդոյանը, որի մասին իբրեւ հնչել են: Ոստիկաններից բացի, որեւէ մեկը նման բացատրություն չի տվել վարույթն իրականացնող մարմնին:

Բողոքաբերն անդրադարձավ նաեւ «ռեժիմային անվտանգության գոտում» իրականացված միջոցառումներին, նաեւ այն հանգամանքին, որ Հեղինե Մակարյանը, նրա ամուսինը, երեք անչափահաս երեխաները երեք տարբեր մեքենաներով են տարվել նստավայրից, առանց կոշիկների, առանց անհրաժեշտ իրերի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի լուսաբացի մասին է խոսքը:
Տ.Սիրադեղյանը խնդրեց իրենց տրամադրել գործի նյութերը եւ գործն ուղարկել նախաքննության՝ վերացնելով քննիչի որոշումը:

Դատախազ Ա.Շահբազյանն ասաց, որ Ա.Խուդոյանն ինքն է խնդրել ոստիկաններին, որ գումար չունեն, իրենց տեղափոխեն Էջմիածին: Նրանք համաձայնել են մեկ օրով լքել նախագահի նստավայրը, այդ պատճառով էլ այնտեղ են թողել անհրաժեշտ իրերը:
Դատավորը զարմացավ. «Ութ ամսական երեխային ինչպե՞ս կարող են մոռանալ, եթե այլ պատճառ չի եղել»: Դատախազն ասաց, որ ընտանիքը տեղափոխվել է մեկ մարդատար մեքենայով, կոշիկները չեն հագել, նրանց հագին եղել են այլ կոշիկներ, իսկ երեխային էլ մոռացել են, երբ հիշել է մայրը, ոստիկանները գնացել են երեխային տեղափոխելու:
«Վաղարշապատի ոստիկանապետի տեղակալ Մելքոնյանի մեքենայով են կարծեմ տեղափոխել»,-հավելեց նա:

Բողոքաբերի հնչեցրածին, թե իրենց վստահորդներից վերցրել են բջջային հեռախոսը, գողացել են 20 000 դրամ գումարը, դատախազն ասաց, որ նստացույցի վայրում ոստիկանները գտել են հեռախոսը, այն վերադարձրել են. «Եթե գտնեն, որ հափշտակել են գումարը, ապա կարող են դիմել իրավապահ մարմնին»:

Ինչ վերաբերում էր Աշոտ Խուդոյանին հոգեբուժարան տանելուն, այստեղ էլ կար պատրաստի պատասխանը՝ այլ գործով անհրաժեշտություն է առաջացել:
Տեսանյութի հետ կապված դատախազն ասաց, թե լավ չի հիշում որոշ հանգամանքներ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 1-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հրապարակի»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031