Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդրե Ճիկաիձեի փոխանցմամբ, պարզվել է Դարիալի կիրճում անհետ կորած 7 անձանց ինքնությունը. նրանք Ուկրաինայի, Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ են: Նախարարն ասել է նաև, որ Թերգի գետը վերադարձել է իր նախկին մակարդակին, ինչը հեշտացրել է որոնման աշխատանքը, գրում է «Մեսենջեր» պարբերականը::
Մայիսի 17-ին Թերգին խիստ վարարել էր՝ հսկա ժայռաբեկորի սողանքի պատճառ դարձել, ինչի հետևանքով վնասվել է Ռուսաստանից Վրաստանով Հայաստան մտնող գազատարը, և գազի մատակարարումը՝ դադարեցվել: Սողանքը փակել է նաև տեղանքով անցնող ավտոճանապարհը: Ուկրաինայի մեկ քաղաքացի մահացած է հայտնաբերվել:
Տեղանքի հասանելիությունը Վրաստանի կողմից գրեթե անհնար է դարձել, որոնողա-վերականգնման աշխատանքի համար անհրաժեշտ 18 տոննա դիզվառելիքը, որը տրամադրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, աղետի վայր է հասցվել սահմանի մյուս կողմից:
Սողանքը տեղի է ունեցել Վրաստանի և Ռուսաստանի սահմանի մոտակա Գվեթելի գյուղի մոտ, որից 20 կմ հեռավորության վրա Վրաստանը նոր հիդրոէլեկտրակայան է կառուցում: Վրաստանի երկրաբանները պնդում են, թե սողանքը բնական գործոնների հետևանք է և ոչ՝ հիդրոէլեկտրակայանի շինաշխատանքի: Վերջին երկու օրն ուսումնասիրելով տեղանքը, նրանք հայտնել են, որ Դևդորակի լեռնագոգը սեյսմավտանգ գոտի է, և որ 2007 թվականին նույնպես այնտեղ սողանք էր եղել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ