Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում աշխատաշուկան լրիվ կբացվի Հայաստանի քաղաքացու համար». Գագիկ Եգանյան (Տեսանյութ) 

Մայիս 22,2014 13:17

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միգրացիոն ոլորտում համագործակցություն հաստատելը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար»,- այսօր Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային 4-րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ծառայության պետը այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ Հայաստանի երկարաժամկետ միգրացիոն հոսքերի 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի դաշնությանը, իսկ կարճաժամկետ միգրացիոն հոսքերի թիվը տարեկան կազմում է հարյուր հազար:

Գ. Եգանյանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության արդյունքում առանձնացրեց երկու համաձայնագրերի ստորագրումը, որոնց հաստատմամբ, ըստ պրն Եգանյանի, կսահմանվեն Մաքսային Միության «խաղի կանոնները» միգրացիոն ոլորտում ավելի վաղ, քան Հայաստանը կմիանա ՄՄ-ին: «Մենք երկկողմանի փորձում ենք խաղի կանոնները տարածել Հայաստանի եւ Ռուսաստանի վրա: Եվրասիական տնտեսական միությունը ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի մեկից, եթե մենք մեկ ամիս առաջ էլ ունենանք այդ խաղի կանոնները հաստատված , ապա մեր միգրանտները, մեր քաղաքացիները մեկ ամիս շուտ կօգտվեն դրանից: Եթե հիմա մեր քաղաքացին Ռուսաստանում աշխատանքի համար պետք է թույլտվություն ձեռք բերի, որը կապված է մեծ քանակով փաստաթղթերի հետ, ապա համաձայնագրի ստորագրումից հետո, այդ ամբողջ համակարգը վերացվում է: Աշխատաշուկան լրիվ բացվում է, եւ Հայաստանի քաղաքացին աշխատանք գտնելու առումով համահավասար է դառնում Ռուսաստանի քաղաքացուն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Պրն Եգանյանը տեղեկացրեց, որ միգրացիոն հարցերով աշխատանքային այս նիստի ընթացքում ռուսական եւ հայկական կողմերի միջեւ քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք վերաբերելու են միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը, միգրացիոն օրենսդրությունում տեղի ունեցող փոփոխություններին, աշխատանքային միգրացիայի պայմանագրին. «Քննարկվելու է նաեւ արգելանք ունեցող եւ ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների հարցը: Հարցեր են քննարկվելու նաեւ դաշնային միգրացիոն ծառայության փորձարկած տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ, որոնց միջոցով անձը կարող է պարզել, արդյոք ինքը խնդիրներ ունի Ռուսաստան մուտք գործելու հետ կապված, թե ոչ»:

Anatoli Kuznecov

ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Անատոլի Կուզնեցովն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ 2013 թվականի տվյալների համաձայն, Ռուսաստան են մուտք գործել մոտ 640,000 միգրանտներ. «Նրանցից ոչ մեծ մասի համար է մուտքը փակ: Այն մարդիկ, որոնք գտնվելու ռեժիմի խախտումներ են թույլ տվել, նրանց համար մուտքը դեպի երկիր փակ է, բայց ոչ ընդմիշտ: Այսինքն` քաղաքացուն հնարավորություն կտրվի հասկանալ խախտումների կարեւորությունը եւ փորձել դրանք շտկել: Եզակի դեպքերից են, երբ արգելանքի ժամկետը 5-10 տարի է կազմում»:
Մանրամասն՝ տեսանյութում

 

Անդրադառնալով այն 170,000 քաղաքացիներին, որոնք արդեն մուտքի արգելանք ունեն, Անատոլի Կուզնեցովը վստահեցրեց, որ մուտքի թույլտվության մասին քննարկումները չեն վերաբերելու այս քաղաքացիներին: «Նրանց համար ոչ մի առավելություն չկա, եթե նրանք երկրում գտնվելու ժամկետը խախտել են, եւ շարունակում են այն խախտել , եւ չեն պատրաստվում Ռուսաստանի սահմաններից դուրս գալ՝ հարցը կարգավորելու նպատակով, ապա նրանց համար ոչինչ չի փոխվի: Մենք ունենք ինֆորմացիոն համակարգեր, որոնք առանց մարդու միջամտության միանգամից հաշվառման տակ են վերցնում քաղաքացիներին»:

Ռուս-հայկական միգրացիոն հարցերով խումբը ստեղծվել է 2010 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով:

Աշխատանքային խմբի 4-րդ նիստին մասնակցում էին նաեւ Ռուսաստանում եւ Հայաստանում միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Անատոլի Կուզնեցովը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031