Ինչո՞ւ աճուրդի հանված Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերերը չկարողացան շահավետ բիզնես ծավալելու ծրագրեր իրականացնել։ Արդյոք նրանց վարած քաղաքականությո՞ւնն էր պատճառը, որ շահույթի փոխարեն համալիրի շահագործումից միայն պարտքեր են կուտակվել, թե՞ Հայաստանում մշակույթը շահութաբեր ոլորտ չի կարող լինել։
Թեմայի շուրջ զրուցեցինք երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:
-Ի՞նչ եք կարծում` Մարզահամերգային համալիրը, որը, ի դեպ, նաեւ մեր պատմամշակութային գոհարներից է, որեւէ սեփականատիրոջ հոգածության հանձնելը ճի՞շտ է:
-Իմ խորին համոզմամբ, նման մեծության կառույցները, ինչպիսին Մարզահամերգային համալիրն է, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, չպետք է մասնավոր սեփականություն լինեն: Դրանք պետք է պետական հոգածության տակ մնան, եւ այդպիսի կառույցներում պետական ծրագրեր պետք է իրականացվեն:
Կարդացեք նաև
Հենց այդ դահլիճներն օգտագործելով՝ պետությունը պետք է մշակութային բարձր չափորոշիչներ քարոզի: Այսինքն՝ պետության համար համերգային դահլիճները քարոզչական լծակներից են ազգի ու հանրության ճաշակը ձեւավորելու գործում:
Այլ հարց է, թե ինչպիսի՞ն է պետական մշակութային գերակայությունը: Եթե այն փոփ եւ ռաբիս երաժշտությունն է, այդ դեպքում ավելի լավ է նման լծակներ չգործեն, քանի որ դրանից մշակույթը ոչ թե կշահի, ազգի մշակութային ճաշակը ոչ թե կբարձրանա, այլ, հակառակը, մշակույթը անկում կապրի, իսկ հասարակությունը՝ հետընթաց:
22 տարվա ընթացքում ականատես դարձանք, որ մեզանում հիմնական «հեղինակավոր» արվեստը փոփ երաժշտությունն է եւ ռաբիսը, ինչի մասին կարող ենք դատել թեկուզ ազգային տոները նշելու ժամանակ հարթակ դուրս եկող երաժիշտներից, երգիչներից:
Ո՞ւմ են հրավիրում, ո՞ւմ են վճարում, ովքե՞ր են ապահովում տոնական տրամադրությունը: Հետեւանքը` հասարակության համատարած ռաբիսացումը: Ռաբիսը, փոփը կարծես այսօր քարոզվում են իբրեւ պետական մշակութային քաղաքականություն: Այդ նկատառումով առանձնապես ցավ չեմ ապրում, որ համալիրը նման խնդիրների առաջ կանգնեց, եւ մոտ ապագայում այն վատ արվեստի տարածելուն ծառայեցնել հնարավոր չի լինի:
-Պետությունը մշակութային օջախները մասնավորեցնելու քայլը պատճառաբանում է դրանք պահպանելու եւ շահագործելու համար միջոցների բացակայությամբ: Փաստորեն այն պետական հոգածության տակ պահելը գրեթե անիրականանալի է:
-Այդ ինչպե՞ս է, որ աշխարհում բոլոր համերգային դահլիճները պատկանում են պետությանը եւ եկամուտ են բերում, իսկ մեզ մոտ այդ մեխանիզմը չի աշխատում: Պատճառը համերգային դահլիճները ոչ նպատակային օգտագործելն է: Այդ դահլիճներում ոչ թե պետական, կուսակցական միջոցառումներ է հարկավոր իրականացնել, այլ համերգային, ինչի համար դահլիճներն ի սկզբանե նախատեսված են:
Այսինքն՝ դահլիճները շահագործողի հիմնական եկամուտը պետք է գոյանա համերգներից: Իսկ եթե այլ նպատակների են ծառայեցվում` ով ուզում է լինի` պետությունը թե մասնավոր սեփականատերը, կդատապարտվի սնանկացման:
Մարզահամերգային համալիրում վերջին տարիներին կազմակերպված համերգների քանակը կարելի է մատների վրա հաշվել: Իսկ եթե որեւէ համերգ էլ կազմակերպվել է ` խոշոր հովանավորների շնորհիվ, որովհետեւ համալիրում համերգային դահլիճը վարձակալելու համար երաժիշտը, երգիչը պետք է աստղաբաշխական կարողություն ունենա: Մեր ո՞ր իսկական արվեստագետը կկարողանա այդ գումարը հայթայթել:
Իսկ ինչո՞ւ ամենամեծ համերգային դահլիճը չպետք է իմ հայրենիքում ծառայի, օրինակ, ինձ, ես ինչո՞ւ չպետք է կարողանամ մատչելի տոմսերով իմ արվեստի երկրպագուներին այնտեղ ներկայացնել իմ երգերը: Փոխարենը համալիրի սեփականատերը պետք է սպասի, թե երբ են դրսից որեւէ երգչի հրավիրում ինչ-որ ունեւոր կազմակերպություն կամ անհատ, որ կարողանա որոշակի գումար աշխատել դահլիճի վարձակալությունից, իսկ երաժշտասերի գլխին էլ կոտրվի այդ վարձակալության վճարը` տոմսերի գների ձեւով:
Որովհետեւ դա ձեռնտու չի համարվում, նրանք նախընտրում են դահլիճը պարապ թողնել, քան հասանելի գներով տրամադրել տեղի արվեստագետին: Իսկ պետությունն էլ այդ մասին չի հոգա, քանի որ մշակութային դաշտում կան ոլորտներ, որոնք գերակայությունից դուրս են:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում