«Եթե կառավարությունն ասում է, թե անելու եմ այս քայլերը հարկային քաղաքականության մեջ և եթե դրանք ճիշտ են, ապա առանց վարանելու պետք է օգնել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Երեկ, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց նաեւ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր դրական են արտահայտվել կառավարության ծրագրի մասին եւ նրան գործելու շանս են տալիս: «Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, վայ կառավարություն ջան, քեզ հաջողություն ենք մաղթում, ձեզ լավագույններն ենք մաղթում, ձեր ծրագիրը… ընդհանրապես մի հատ արժե մտածել` սենց բան պետք է ասել, թե` ոչ, որովհետեւ այս կառավարության ծրագիրը, որ նայում ես, իրանց բիզնես-պլաններն է ընդեղ գրած»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ օրինակներ բերեց` ձկան արտահանումն ավելացնելու խոստման մասին, մինչդեռ մեկ ամիս առաջ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հարցն էր քննարկվում, որ դա ոչնչացել է ձկնարդյունաբերության պատճառով:
Ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ, որը դրական խոսեց կառավարության ծրագրի մասին, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր: Նախկին վարչապետից Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերվում գործընկերոջ դիտողություններին:
«Այդ միջով բանով ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չի լինում։ Պետք է մտածել հարկատուների մասին։ Ինչպե՞ս ես կարող եմ տնտեսական ճիշտ քաղաքականության շանսը բաց թողնել։ Համբերեք, եթե չեն անի` մի քանի ամսից կանդրադառնանք»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ