Կառավարության ծրագրի քննարկումներում իրենց ընդդիմություն կոչողներն այնքան հաջողություններ ու արգասաբեր աշխատանքի այնքան բարեմաղթանքներ հղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ որևէ նորապսակ զույգի այդքան ցանկություններ հղելու պարագայում՝ Հայաստանի դեմոգրաֆիական աղետը կանգ կառներ:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսևորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր արդեն գրեթե անգո ընդդիմության դեմ: Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը: Որովհետև, եթե Հայաստանում ընդդիմություն լիներ, Ազգային ժողովում իրար հերթ չտալով՝ բոլոր ընդդիմադիրները տարբեր ձևակերպումներով պետք է մի հարց ուղղեին Հովիկ Աբրահամյանին՝ «էս ծրագիրը բերել ես, որ ի՞նչ անես»:
Որովհետև նույն ընդդիմադիրներն այդ հարցը տալուց առաջ պետք է հայտարարեին, որ Հայաստանում Մարտի 1-ով հաստատված ապօրինի իշխանությունը, Հայաստանը դատարկած ու Հայաստանը հայերի համար բոլոր հայրենիքներից ամենաանցանկալի հայրենիքը դարձրած իշխանությունն անգամ տիեզերական ծրագրով չի կարող կանգնեցնել գահավիժումը: Նաև, բայց ոչ այնքան ու ոչ միայն՝ տնտեսական, այլ առաջին հերթին՝ քաղաքակրթական, բարոյահոգեբանական և նվազագույն աշխատավարձի ու էժան գազի հետ կապ չունեցող այլ արժեքների գահավիժումը:
Եթե հնչեին ընդդիմադիրների այդ ելույթները, ապա Նիկոլ Փաշինյանի ելույթը կլիներ դրանցից միայն մեկը, բայց ոչ միակը: Բայց Նիկոլը, որն այս իշխանության դեմ պայքարում նաև պայքարի սխալ առաջնորդ ընտրած լինելու պատճառով չկարողացավ իրականություն դարձնել իր՝ «Այդ մեկ մարդը դու ես» բանաձևը, երեկ ցույց տվեց, որ կառավարությանն ու նրա ծրագիրը միակ քննադատողն ինքն է:
Կարդացեք նաև
Իսկ ընդամենը խորհրդարանում զբաղեցրած տեղերով իշխանությունից տարբերվող մեր ոչ իշխանականները Հովիկ Աբրահամյանին դարձրեցին համարյա հույսի փարոս ու փարոսի լույս, փրկության օղակ ու փակ օղակից դուրս եկող ֆոկուսնիկ: Ու միանգամայն նորմալ պետք է համարել, որ իր ելույթի ընթացքում որևէ քառակուսի ՀՀԿ-ականի կողմից հնչած հանդիմանանքին (որի իմաստը պետք է որ լիներ՝ այ ախպեր, խի՞ ես էս մեր ազիզ քեֆը փչացնում, թող ընգերներդ շեֆի կենացը խմեն) Նիկոլը պատասխանեց՝ «արա, մի հատ հանգստացի»: Հասարակությունը նույնը չի ասել իշխանությանը 2008 թվականին, նույնը չի ասել նաև 2012 և 2013 թվականներին: Չի ասել, որովհետև Նիկոլի նախկին ու մասամբ ներկա գործընկերներն ասել են, որ դա քաղաքագիտորեն ճիշտ չէ: Հիմա նրանք հավատում են Հովիկ Աբրահամյանին: Հավատում են հատկապես նրա այն խոստմանը, որ լինելու է «ականջալուր, սակայն իմ քաղաքական գծին հետամուտ»: Հավատում են, որ Հովիկ Աբրահամյանն ականջալուր կլինի իրենց լռությանը, ու «իր քաղաքական գծին հետամուտ»՝ բարձր կգնահատի այն:
Հոդվածն ամբողջությամբ «168 ժամ» թերթի այսօրվա համարում