Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին «փուռը» չե՞ն տա…

Մայիս 22,2014 16:55

ԲՀԿ-ն «վարչապետի նկատմամբ» որեւէ պահանջ ներկայացրե՞լ էր, թե՞ ոչ

«Իրատեսական՝ խոստումների եւ ռեսուրսների առումով, խստապահանջ եւ ականջալուր` հանրային մտահոգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրների քննարկման առումով». այսպիսին է Հովիկ Աբրահամյանի բնորոշմամբ՝ կառավարության ծրագիրը, որը նա խորհրդարանում ներկայացրեց, խոստացավ, որ մարդիկ «փոփոխություն են զգալու», եւ հավելեց, որ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ծրագրային առումով այս կառավարությունն ինչով է տարբերվելու նախորդից եւ ինչ փոփոխություններ են իրականացվելու կառավարության գործունեության մեջ, որի շնորհիվ կառավարության եռամյա ծրագրով տարեկան կապահովվի 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը կհասցվի 65 հազար դրամի, իսկ աղքատությունը 35 տոկոսից կկրճատվի մինչեւ 25 տոկոս:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը նախ հայտարարում էին, թե մտադիր չեն կողմ քվեարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին։ Համենայնդեպս, նրանք այդպես ասում էին, սակայն միասնական որոշում չկար: «Հրաշալի քառյակը» փորձում էր ընդհանուր հայտարարի գալ կառավարության ծրագիրը մերժելու հարցում, բայց, ինչպես երեւում է, Հովիկ Աբրահամյանի կառավարության վստահության հարցը կանցնի մոտավորապես այնպես, ինչպես Գալուստ Սահակյանի քվեարկությունն էր։ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` չնայած հրապարակային մերժողականությանը, այնուամենայնիվ, չի բացառվում, որ մասնակցեն քվեարկությանը: Ավելին՝ ԲՀԿ-ականներից հնչում են գնահատականներ, թե իրենք որոշել են ժամանակ տալ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:

Բայց ոչ միայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն… Օրինակ՝ անսպասելիորեն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի տեսակետ հայտնեց. «Ուզում եմ ազնվորեն նշել, որ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար ես պայքարել եմ տարիներ շարունակ, եւ առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս: Նախորդ կառավարությունն օգտագործում էր «թիրախավորում», «միջնաժամկետ», «կարճաժամկետ», «ընդլայնողական» բառակապակցություններ, ծրագրում նյութ չի եղել, 6 տարի կորցրել ենք: Անկախ, թե ինչպես կքվեարկեմ, դուրս գալիս է այս կառավարությունը»: Իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարության անդամները պաշտոնավարման տարիներին ինչպե՞ս են կուտակել միլիոնավոր դոլարներ, եւ ապա ջախջախիչ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից` քննադատելով կառավարության անդամներին:

Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացրել էին: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը օրերս լրագրողներին տեղեկացրել էր, թե իրենց առաջարկներից 5-6-ը կառավարությունն ընդունել է: ԲՀԿ-ական պատգամավորները վստահեցնում են, որ իրենց առաջարկները բավական շատ են, դրանք միտված են միջին ու մանր բիզնեսը ոտքի կանգնեցնելուն, բայց չեն կոնկրետացնում, թե իրենց որ առաջարկներն են ընդունվել:
Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների քննադատությունները ակնհայտորեն չեն մտահոգում ՀՀԿ-ին, նրանք վստահ են, որ Հանրապետական մեծամասնությունը կանցկացնի կառավարության ծրագիրը։

Մայիսի 20-ին հանդիպեցին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նրանք քննարկել են երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ոչ իշխանական ուժերի անելիքները: Այդ հանդիպման վերաբերյալ կողմերը ոչինչ չեն մանրամասնում, հավանաբար այն պատճառով, որ ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին չի հաջողվել պայմանավորվել, ընդհանուր հայտարարի գալ մեկ կարեւոր հարցում` արդյոք Հովիկ Աբրահամյանին «փո՞ւռն» է պետք տալ, թե՞ խնայել…
Երբ լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրել էին, թե նրան կհաջողվի՞ բավարարել ԲՀԿ-ի պահանջները, վարչապետը ուշագրավ «բացահայտում» էր արել. «ԲՀԿ-ն որեւէ պահանջ իմ նկատմամբ չի ներկայացրել: Ի՞նչ պահանջ է ներկայացրել, ես չգիտեմ, ձեզ ներկայացրե՞լ է նման պահանջ: Ասում է՝ տեսնենք, եթե ծրագիրը նորմալ կիրականացնի, նորմալ կաշխատի՝ չենք պահանջի, չի աշխատի՝ կպահանջենք: Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ»:

Փաստորեն, ԲՀԿ-ական պատգամավորները հավաստիացնում են, թե իրենց առաջարկներից 5-6-ը կառավարությունն ընդունել է, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ ԲՀԿ-ն որեւէ պահանջ «իր նկատմամբ» չի ներկայացրել…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031