Երեւան, մայիսի 21, 2014թ.: Մայիսի 21-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը: Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների, համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից:
Հանդիսությանը ներկա գտնվեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:
Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար եւ վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում:
Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին: Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով:
«Այսօր կրկնակի տոն է մեզ համար: Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը: Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ակնաղբյուրում բնակվող բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր անձնական գրադարանից 3000 գիրք նվիրեց նորաբաց գրադարանին:
Բացման արարողություններից հետո Հիմնադրամի պատվիրակությունն այցելեց նաեւ Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերում կառուցվող համայնքային կենտրոններ: Ուշագրավ է, որ այս կենտրոնների կառուցումը եւս հովանավորում է ֆրանսիայի հայ համայնքն իր ամենամյա հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքագրած գումարներով:
«Գյուղական համայնքների տնտեսության զարգացումը, գործընկերային հարաբերությունների խթանումը տեղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու եւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցն է»,- կարծում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Վաղը` մայիսի 22-ին, պատվիրակությունը կմեկնի Շուշի ծանոթանալու Հիմնադրամի` պատմական քաղաքի վերածննդին ուղղված ծրագրերին. այստեղ կառուցման փուլում են Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն ու Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն