Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞չ՝ պուտինիզմին, թե՞ այո՝ պուտինիզմին

Մայիս 22,2014 14:24

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը եւ «Բլոգնյուս» կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Արամ Աբրահամյան.- Անցած շաբաթ տեղի ունեցավ «Ոչ պուտինիզմին» ակցիա, որի հայտարարված օրակարգն էր` ընդդեմ Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման: Ինչո՞ւ է, ըստ ձեզ, Կրեմլի քաղաքականությունը հակամարդկային եւ օկուպանտ:

Գայանե Առուստամյան.- Կրեմլը իր գործողություններով ապացուցել է այդ հակամարդակայնությունը եւ իր կայսերապետական հավակնությունը. դա հետխորհրդային երկրներում տարածքներ նվաճելու մարմաջն է, որը Ուկրաինայում դրսեւորվում է մարտերի տեսքով, Ղրիմի անեքսիայի տեսքով, բացի այդ՝ Կրեմլից արդեն հայտարարություններ են հնչել շատ կոնկրետ` Ուկրաինայից հետո Ռուսաստանը զբաղվելու է Ղարաբաղով, եւ Ղարաբաղը նույնպես շատ հնարավոր է միացնել Ռուսաստանին՝ որպես Ռուսաստանի մաս: Այդ հայտարարությունը արել է Ժիրինովսկին, իսկ մենք չենք կարող ասել, որ Ժիրինովսկին Պուտինի խոսափողը չէ, եթե չեմ սխալվում` Դուգինն է նման հայտարարություն արել: Կրեմլը արդեն իր մեսիջները ուղարկել է մեզ, եւ Մաքսային միության վարչական կազմի քննարկման ժամանակ նույնպես հնչել է կարծիք, որ եթե Հայաստանը Մաքսային միության անդամ դառանա Ղարաբաղը դրանից դուրս կմնա:

Կոնստանտին Տեր-Նակալյան.– Եթե որպես փաստարկ բերվում է Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունը, ու դա առիթ է բողոքի ցույց կազմակերպելու, ես դրան դեմ չեմ: Բայց ինչո՞ւ ես չեմ տեսնում, որ նույն այդ ուժերը, ովքեր հավաքվել էին ամսի 18-ին, ոչ մի բողոքի ցույց չեն անում ընդդեմ ԱՄՆ-ի, որտեղ միանգամայն պաշտոնական մակարդակով, այսինքն՝ համանախագահ Ուորլիքի, հետո էլ Բաքվի դեսպանի կողմից հայտարարվում է բաց տեքստով, որ Հայաստանը պետք է վերադարձնի բոլոր գրաված տարածքները, պետք է Ղարաբաղին տրվի ինչ-որ միջանկյալ անցողիկ բան, այսինքն՝ ինձ համար ավելի լուրջ ու ծանրակշիռ հայտարարություն է համանախագահինը, քան Ժիրինովսկունը, որն ասում է՝ այսօր Ղարաբաղն էլ կմիացնենք, ուրիշ անգամ ասել է` ոտքերը Հնդկական օվկիանոսում է լվանալու, ինքը առհասարակ ունի քաղաքական ծաղրածուի իմիջ հենց Ռուսաստանում: Ինչո՞ւ դուք ցույց չեք անում ԱՄՆ-ի դեմ:

Գ. Ա.- Ես պետք է հակընդդեմ հարց տամ` ինչու դո՞ւք չեք անում ցույց ամերիկյան դեսպանատան դեմ, եթե ձեզ այդ ամենը մտահոգում է: Ինչ վերաբերում է մեզ, ապա դա արդեն կլիշեավորված հարց է, կլիշեավորված մեղադրանք է մեր հասցեին: Ուորլիքը իր հայտարարությամբ ամեն դեպքում, իմ կարծիքով, քաղաքական դիսկուրս հրահրելու նպատակ էր հետապնդում, այլ բան է, որ Ուորլիքի հայտարարությունը բերենք հանրային տարածք եւ այնտեղ քննարկենք: Բայց Ուորլիքի հայտարարությունը մեզ համար կոնկրետ սպառնալիք չէ, իսկ ահա Պուտինը շատ կոնկրետ գործողություններ է իրականացնում, եւ այդ գործողությունները անմիջական արձագանքներ են ունենում այստեղ: Ուորլիքը Հայաստանում ռազմաբազա չունի, Ամերիկան Ադրբեջանին զենք չի վաճառում ամեն դեպքում, Ամերիկան Ադրբեջանին ակնհայտ աջակցություն չի ցուցաբերում, եւ զորքերը նախադեպերով հայաբնակ տարածքները չեն գրավել` հիշենք «Կոլցո օպերացիան», Շահումյան-Գետաշենի հայաթափումը:

Ա. Ա.- Դուք համաձա՞յն եք, որ Պուտինի քաղաքականությունը անմարդկային է եւ զավթողական:

Կ. Տեր-Ն.- Ոչ, ես գտնում եմ, որ Պուտինի քաղաքականությունը պրագմատիկ, աշխարհաքաղաքական խաղի նորմերին համապատասխանող եւ ինչ-որ տեղ շատ ավելի հումանիստական է, քան օրինակ` եթե համեմատում ենք այլ բեւեռի հետ՝ Ամերիկայի: Ի վերջո՝ Պուտինը դեռ Կիեւը չի ռմբակոծում, տասնյակ հազարավոր փախստականներ չկան, եւ եթե ասում եք` Ղրիմը անեքսիա էր, այդ դեպքում Ղարաբաղն ինչո՞ւ էր ազատագրվել, մենք նույն սկզբունքով հիմնվեցինք տվյալ ռեգիոնի բնակչության մեծամասնության կարծիքի վրա: Ղրիմը իր պատմական հայրենիք է վերադարձել, որովհետեւ երբեք Ուկրաինայի առանձին պետական կազմում չի եղել: Դուք այնքան հակասական պնդումներ եք անում, ասում եք` Ռուսաստանը զենք է ծախում, գիտե՞ք, որ Ադրբեջանի սպառազինության 90 տոկոսը հենց Ուկրաինան է արել:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031