Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Պետությունը պարտավոր է պայմաններ դնել, բայց նաեւ՝ արտոնություններ տալ

Մայիս 22,2014 15:04

Հարցազրույց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ

– Երեկ հայ հասարակության համար հերթական «բոթն» էր՝ բոլորը հանկարծ պարզեցին, որ աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրը (ՄՀՀ), որն իրականում վաղուց ԲԱՄՕ ընկերության սեփականությունն էր: Այժմ պարտքերի պատճառով ՄՀՀ-ն, որը գրավադրված էր, աճուրդի է հանվել: Ակնհայտ է, որ նման հսկա շինությունը, որը կառուցվել է սովետական «գիգանտոմանիայի» ոճով, եւ որը ֆունկցիոնալ առումով նույնպես լավագույն լուծումները չի առաջարկում, շատ դժվար է պահել եւ աշխատեցնել: Պետական միջոցներով այն շահագործելը անհնար էր, հիմա պարզվում է, որ մասնավորն էլ չի կարողանում անել դա: ՄՀՀ-ն մեր պատմության մի մասնիկն է, ինչպես Երիտասարդական պալատն էր, ինչպիսին «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն է, սակայն նաեւ մեծ ծախսեր եւ մեծ ռեսուրսներ պահանջող կառույց է: Ի՞նչ ելք եք տեսնում:

– Նախ՝ հուշարձանների վաճառքի մասին։ Առհասարակ ազատ շուկայական պայմաններում շատ բնական է, երբ պետությունը չի տնօրինում բոլոր հուշարձանները։ Պետության՝ Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունն է պահպանել մեր ժառանգությունը՝ անկախ սեփականության ձեւից։ Մեր օրենսդրությունը, ճիշտ է՝ կիսատ-պռատ, բայց տալիս է այդ հնարավորությունը։ Ինչ վերաբերում է խորհրդային տարիներին բոլորովին այլ տնտեսական հնարավորությունների արդյունքում մշակութային «շռայլություններին», ապա չնայած դրանում կա տրամաբանության հատիկ, միեւնույն ժամանակ անկախության ու հատկապես ազատ շուկայի պայմաններում պետության (կամ հանրության) քայլերը թե՛ դրանց պահպանության, թե՛ օգտագործման պայմաններում պետք է վերարժեւորվեն։ Այսինքն՝ եթե մենք ընդունում ենք, որ ինչ-որ շենքեր (ՄՀՀ, «Զվարթնոցի» հին մասնաշենք կամ Երիտասարդական պալատ) հանդիսանում են մեր համընդհանուր հարստությունը, ու մենք կրում ենք դրանց համար պատասխանատվություն, ապա մեր քաղաքականությունը պետք է տարբեր լինի։ Օրինակ՝ ՄՀՀ-ում շահագործվող ինչ-որ ժամանցային կազմակերպություն չպետք է կրի նույն հարկային կամ այլ պարտավորություններ, ինչպես ոչ հուշարձան շենքում գտնվող համանման կազմակերպությունը, քանի որ նա կատարում է հավելյալ ծախսեր՝ իրացնելու համար մեր բոլորիս հանրային պարտականությունը։

– Բնականաբար, առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ արդյոք ՄՀՀ-ն կպահպանի՞ իր ֆունկցիոնալ նշանակությունը՝ նոր տիրոջ ի հայտ գալու դեպքում, եւ արդյոք այն մարզամշակութային օջախի փոխարեն չի՞ դառնա, ասենք, հիպերմարկետ կամ, ինչպես «Ֆեյսբուքում» էին կատակում՝ «ավտոմոյկա»: Կարո՞ղ է պետությունը միջամտել այս հարցին եւ պարտադրել խաղի իր կանոնները: Գնորդը չի՞ ասի՝ միլիարդներ եմ տալիս, ինչպես կուզեմ, այնպես էլ կօգտագործեմ:

– Այո՛, պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ է դնել պայմաններ, ինչպիսիք, եթե չեմ սխալվում, եղել են նախկին օտարման ընթացքում։ Այսինքն՝ շենքի օգտագործման ձեւի լայն իմաստով փոփոխությունը խաթարելու է դրա հուշարձանային նշանակությունը։ Հաշվի առնելով այս փաստը՝ աճուրդի արդյունքների ամփոփման ընթացքում ամենաառաջնային չափորոշիչը ոչ թե պետք է լինի վճարվող գումարը, այլ դրա օգտագործման ու նշանակության պահպանությունը։ Սա բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից ու չի կարող քննարկման ենթակա լինել։ Չնայած Ծածկած շուկայի վանդալ կերպով այլանդակումը այլ բան է գուժում, բայց կարծում եմ՝ մասնագիտական ու քաղաքացիական հանրույթները նախ եւ առաջ նման պահանջներ պետք է դնեն՝ շենքը վաճառելու վերաբերյալ հուզական դրսեւորումների փոխարեն։

– «Զվարթնոցի» հին շենքը խուսափեց քանդվելու հեռանկարից: Գոնե՝ առայժմ: Արդյոք պա՞րզ է, թե այն ինչ միջոցներով է պահպանվելու եւ որպես ինչ է ծառայելու:

– Այդ հարցը, կարծում եմ, պետք է ուղղել օդանավակայանի գործակալին, սակայն չեմ նախանձում իրենց, քանի որ դա բավականին բարդ խնդիր է։

– Կա՞ ընդհանուր բանաձեւ այս բոլոր ճարտարապետական, պատմամշակութային խնդիրների վերաբերյալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս պահպանել մեր պատմությունը եւ մյուս կողմից՝ ինչպե՞ս ստիպել սեփականատերերին ներդրումներ անել այդ կառույցներում:

– Աշխարհում կան հազարավոր քաղաքաշինական քաղաքականության գործիքներ, որոնք կարող են նպաստել պետություն-մասնավոր նման համագործակցությանը, օրինակ՝ ինչպես վերեւում արդեն նշեցի՝ հարկային զիջումներ, բանկային երաշխիքներ, այլ արտոնություններ, որոնք կարճաժամկետ առումով գուցե շատ շոշափելի չլինեն (հատկապես մեր պայմաններում, երբ բոլորը ցանկանում են հարստանալ հենց հիմա, քանի որ չգիտեն՝ արդյոք հետո նման հնարավորություն կլինի՞), սակայն երկարաժամկետ առումով շահում են թե՛ իրենք, թե՛ հասարակությունը, քանի որ մշակութային ժառանգությունը ունի ամենաառաջնային դերակատարություն երկրով (կամ հայրենիքով) հպարտանալու գործում։

– Այ, Դուք ասում եք, որ պետք է հստակ պահանջներ դնել հավանական գնորդների առջեւ: Ասենք, դրեցինք այդ պահանջները՝ հասարակությունը, պետությունը, հանրությունը եւ այլն, ու գնորդ չհայտնվի այդպես էլ… ի՞նչ կլինի, կքայքայվի՞, կփչանա՞ շենքը: Արդյոք նույն բանը չի՞ լինի նաեւ «Զվարթնոցի» դեպքում՝ չեն թողնում քանդեն, նրանք էլ ուղղակի չեն խնամի, չեն հետեւի, եւ շենքն իրեն իրեն կքայքայվի:

– Պետությունն օրենքով իրավունք ունի ցանկացած պահի զրկել ցանկացած սեփականատիրոջ այդ իրավունքից, եթե այն խաթարում է հուշարձանը։ Դա ամրագրված է թե՛ ՀՀ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում , թե՛ մեր կողմից վավերացված Ճարտարապետական ժառանգության պաշտպանության եվրոպական կոնվենցիայով։ ՄՀՀ-ի դեպքում, քանի որ գործարքը այս պահին է տեղի ունենում, ապա կարելի է ավելի հստակեցնել պահանջները, որպեսզի նորից մշակույթի նախարարը մեղքը չգցի օրենքի անկատարության վրա: Հենց հիմա կարող են մեկ առ մեկ ամրագրել բոլոր պահանջները, ընդհուպ մինչեւ այն, թե, օրինակ, որ ամսին որ մասն ինչպես է պետք վերականգնել… «Զվարթնոցի» դեպքում գույքը դեռ հանդիսանում է պետական սեփականություն, այնպես որ՝ խնդիրն ավելի հեշտ է լինելու… Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունը, ու պետական չինովնիկները, եթե ունեն ժառանգության պահպանության ազնիվ ցանկություն (հակառակը մտածելու հիմքեր չունենք այս դեպքում ԴԵՌ), ապա պետք է գտնեն ունիկալ լուծումներ՝ դրանց հիմքում դնելով հուշարձանների լավագույնս պահպանվելն ու, բնականաբար, տնտեսական նպատակահարմարությունը…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031