Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 10-13 տոկոս տնտեսական աճ ապահովելու իրատեսական սցենար

Մայիս 22,2014 14:59

Որ եւ ժողովուրդը չունեզրկվի, եւ հարուստներն էլ ավելի չհարստանան

Խորհրդարանում ԿԲ-ի հաշվետվությունը լսելիս, այնուհետ ԿԲ նախագահի թեկնածուի հարցը քննարկելիս ԿԲ գործող, արդեն նաեւ վերընտրված նախագահ Արթուր Ջավադյանն ընդդիմադիրների սուր քննադատություններին արժանացավ, մասնավորաբար, դրամի լողացող կուրսի քաղաքականության պահպանման եւ տնտեսական աճի վրա ազդեցություն չունենալու պատճառով: Այդ եւ մի շարք այլ պատճառներով ԿԲ նախագահի ընտրություններին չմասնակցեցին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»:

Ընդդիմադիր պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն, ոչ միայն մասնակցեց ընտրություններին, այլեւ «Առավոտի» հետ զրույցում իր անհամաձայնությունն արտահայտեց ընդդիմադիր գործընկերների այն դիտարկումների առումով, որ Հայաստանում դրամի արժեզրկում պետք է տեղի ունենա` հղում անելով տնտեսագիտական հայտնի մոտեցմանը, որ արտարժույթի արժեզրկումը խթանում է արտահանումը: «Եթե օրինակ է բերվում ԱՄՆ-ը, դոլարի կուրսը, եվրոյի կուրսը, ճապոնական հայտնի փորձը կա, որ ճապոնացիներն իրենց արտարժույթի արժեզրկմամբ կարողացան մեծ շուկաները գրավել: Այո, դրանք պոստուլատային ճշմարտություններ են եւ աշխատում են այն երկրներում, որոնք ունեն արտադրության մեծ ծավալներ: ՀՀ-ն գրեթե արտադրություն չունի, այն էլ՝ միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակներ: ՀՀ-ն այսօր, ցավոք, «նստած է» դրսից եկող դրամաշնորհների եւ տրանսվերների վրա: Կա նաեւ կայուն աշխատավարձ ստացող մի շերտ: Շրջանառու միջոցների ձեւավորման խնդիրն այդտեղ է լուծվում: Ու եթե տեղի ունենա դրամի անկում, Հայաստանում աշխատավարձ ստացող մարդիկ բառացիորեն կկանգնեն փաստի առջեւ, քանի որ ներմուծողները, որեւէ օլիգարխ իր ապրանքը դոլարով ներմուծելու դեպքում Հայաստանում երբեք ի վնաս իրեն չի վաճառելու ապրանքը: Ստացվում է, որ այդպիսով՝ մենք կարճ ժամանակում կարող ենք ունեզրկել մեր քաղաքացիներին»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը` իր գործընկերներին հորդորելով ուսումնասիրել նաեւ վրացական արտարժույթի եւ այն եվրոպական երկրների փորձը, որտեղ եվրոն դեռ չի գործում, եւ կհամոզվեն, որ արտադրության մեծ ծավալներ չունեցող երկրներն իրավունք եւ հնարավորություն չունեն իրենց նման շռայլություններ թույլ տալու: Խաչատուր Քոքոբելյանը նաեւ նկատում է, որ դրամի վերահսկվող լողացող կուրսը՝ «բաց թողնելու» դեպքում, փողատերերին, նաեւ բանկերին հնարավորություն կտա մեկ գիշերվա մեջ բավականին մեծ գումարներ վաստակելու` հենց մեր քաղաքացիների ունեզրկման հաշվին:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հակադարձելով իր գործընկերոջը՝ նկատեց, որ հենց վերահսկվող լողացող կուրսի քաղաքականության պատճառով է, որ Հայաստանը միջազգային պահուստների հսկայական կորուստներ է ժամանակ առ ժամանակ արձանագրում, որոնք վատնվում են դրամի կուրսը պահելու վրա: «Մինչդեռ եթե դիտարկենք մեր տնտեսության կառուցվածքը, ակնհայտ է դառնում, որ թույլ արժույթի քաղաքականությունը կարող է նպաստել արտահանման ծավալների մեծացմանը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե հակափաստարկ է բերվում այն, որ տեղական արտադրություն չունենք, ապա նկատենք, որ մենք շանս էլ չենք տվել, որ տեղական արտադրությունը զարգանա: ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցնում է ադամանդագործության օրինակը. «Տարիներ առաջ կար այդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող էր մեծածավալ վերամշակման գործունեություն ծավալել, եւ դրա արդյունքում մեր արտահանման հաշվեկշիռը փոխվեր հօգուտ տեղական արտադրության, եւ արտահանման ծավալները մեծանային: Բայց հենց կոշտ, կոպիտ միջամտությունը բերեց նրան, որ ոչ միայն այդ արտադրությունը փակվեց, այլ նաեւ շատ այլ հնարավոր զարգացող արտադրություններ եւս: Նույնը հիմա է, եւ եթե մենք չմտածենք արտահանման ծավալները մեծացնել նաեւ արտարժութային քաղաքականության աջակցման միջոցով, կնշանակի պահպանել արտաքին առեւտրի նույն հաշվեկշիռը` ներմուծումը մի քանի անգամ գերազանցելով տեղական արտադրությանը: Դա էլ նշանակում է, որ մենք զրկվում ենք այն պոտենցիալ ներդրումներից, որոնք թե տրանսվերների տեսքով են գալիս երկիր, թե նաեւ, ներդրողների դիտարկմամբ, այսպիսի առեւտրային հաշվեկշռի պայմաններում Հայաստանը չի կարող դառնալ ժամանակակից արտադրություն ու ծառայություններ մատուցող երկիր»:

Արծվիկ Մինասյանը հարցը դիտարկում է կոմպլեքս քաղաքականության շրջանակներում եւ չի կիսում տեսակետը, թե վերահսկվող կուրսի քաղաքականությունը ճիշտ է: Առաջարկում է բոլոր հնարավոր սցենարները դիտարկել Հայաստանի տնտեսական պոտենցիալի զարգացման տեսակետից: Մինչդեռ այսօր մենք տնտեսական պոտենցիալից «սարսափելի հեռու ենք»: «Մենք ոչ միայն մեր աշխատանքային ռեսուրսները, այլեւ բնական պաշարները եւ արտադրական միջոցներն առ այսօր չենք կարողացել համադրելի դարձնել եւ ասել, որ, օրինակ, Հայաստանը կարող է ապահովել երկու միլիոն զբաղվածություն, ինչի պայմաններում տնտեսությունը կարող է աճել տարեկան 10-13 տոկոս: Սա հնարավոր սցենար է: Բայց դրա համար կոմպլեքս քաղաքականություն է պետք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031