«Ես իմ խոսքում որեւէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը: Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլեւ տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել: Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը: Նաեւ` շնորհավորում եմ Արթուր Ջավադյանին»,- «Առավոտի» հարցին` ի՞նչ ունեք Արթուր Ջավադյանի դեմ, այսպես արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Բանն այն է, որ նախօրեին ԿԲ-ի հաշվետվության ներկայացման եւ ԿԲ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորն իր ելույթում հակադարձելով Արթուր Ջավադյանին՝ ասել էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել: «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, եւ ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչո՞ւ եք նորից կրքերը լարում, չի կարելի»,- ասել էր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի կրքոտ դիտարկումները, մեր տեղեկություններով, վիրավորել են ԿԲ նախագահին, եւ վերջինս «մեսիջներ» է փոխանցել պատգամավորին` իրեն ուղղված անձնական հանդիմանանքի համար: «Առավոտի» դիտարկմանն արձագանքելով` ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր դիտարկումներն անձնական հարթությունում չեն եղել, ինքը խոսել է համակարգային խնդիրների մասին. «ԿԲ-ն այսօրվա իր սահմանադրական կարգավիճակով եւ օրենքներով տրված լիազորություններով չի կարող ապահովել երկրի տնտեսական զարգացումը, եւ երբ այսօր մեր տնտեսությունը սնուցում է բանկային համակարգը, պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծել ենք «հրեշ» Կենտրոնական բանկ, որն իր ողջ լիազորություններն իրականացնում է Սահմանադրությամբ ամրագրված ընդամենը մեկ խնդրի լուծման` գների կայունության, ապահովման համար՝ անտեսելով մնացած ամեն ինչ: Ու քանի որ սա իր առջեւ դրված սահմանադրական խնդիր է, ստացվում է, որ ԿԲ-ն այս խնդիրն էլ չի կարողանում լուծել, որովհետեւ գների աճը շատ քիչ է կապված փողի առաջարկից եւ պահանջարկից: Առավելապես կախված է տնտեսության ստվերայնությունից, ոչ նորմալ տնտեսական հարաբերություններից, հարկային եւ մաքսային հարաբերություններից: Այսինքն՝ այստեղ մենք համակարգային խնդիր ունենք»:
Ի դեպ, երեկ «պարտադիրի» առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց` «պետք է անենք այնպես, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված». ի՞նչ է նշանակում սա: «Չգիտեմ, թե այդ ձեւակերպումն ինչ է նշանակում: Ակնկալում եմ, որ պարոն վարչապետը պետք է ավելի լիարժեք ներկայացնի: Ինձ համար սարսափելի անակնկալ է, երբ ծրագրում տեղ է գտնում «պարտադիր կուտակային համակարգ» արտահայտությունը: Ցանկացած փորձ, առաջարկ կամ պնդում, որ պարտադիրը պետք է գործի, հակասահմանադրական է: Պետք է հրաժարվել այդ բառակապակցությունից, նստել սեղանի շուրջ, ընդունել սկզբունքներ, թե ինչի շրջանակներում պետք է բարեփոխումներն իրականացվեն, եւ առաջ գնալ: Անընդհատ պնդել, կառավարության ծրագրում էլ ամրագրել` նշանակում է նորից հանգել պատային վիճակի ու առերեսվել մեծ ընդվզման հետ: Իսկ դա ոչ միայն ներկայիս կառավարությանը, այլեւ մեզ բոլորիս ձեռնտու չէ»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ