Լրահոս
Օրվա լրահոսը

Զենք ունենալը դեռ իրավունք չի տալիս՝ դնել գրպանը ման գալ ու աջ ու ձախ կրակել

Մայիս 22,2014 14:35

«Եթե մարդ մարտական գործողություններ չի իրականացնում կամ ինչ-որ կարեւոր ծառայություն չի մատուցում, իրավունք չունի հասարակության մեջ զենքով ման գալու»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Բերկուտ» թիկնապահական քոլեջի ուսումնական մասի պետ, զենքի գծով փորձագետ Տիգրան Սահակյանը: Թեեւ փորձագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իրավիճակը կառավարելի է, քանի որ հիմնականում զենքերը գրանցված են, սակայն խնդիր է համարում, որ մեր երկրում քաղաքացիական զենքի մի շարք տեսակներ, որոնք ազատ վաճառվում են խանութներում, եւ 18 տարին լրացած ցանկացած անձ կարող է այն ձեռք բերել, տրվում է առանց առողջական վիճակի մասին (տեսողության խախտում, հոգեկան հիվանդություն, ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն) հավաստող փաստաթղթի: Մինչդեռ մի շարք զարգացած երկրներում, ինչպես փաստում է մասնագետը, այդ զենքերը վաճառվում են՝ մարդու առողջական վիճակը հաշվի առնելով. «Հայաստանում պահանջում են մարտական զենքի համար, բայց մարտական զենք ստացողը զինվորական բուժհիմնարկում անցնում է այդ հետազոտությունները, որից հետո միայն նրան տրամադրվում է մարտական զենք»:
Տիգրան Սահակյանի ներկայացմամբ՝ քաղաքացիական զենք է համարվում նաեւ որսորդական ոչ ակոսավոր, հարթափող հրացանը, որի տարբերությունը ակոսավորից հեռահարության մեջ է եւ ավելի դիպուկ խփելու, չնայած մասնագետը վստահեցնում է, որ երկու զենքից արձակած կրակոցն էլ կարող է մահացու լինել: Փորձագետի մեկնաբանմամբ՝ գազով ատրճանակն էլ իր վտանգն ունի. «Եթե մարդկանց մեջ ինչ-որ դեպք է պատահում, եւ գազով ատրճանակ կրող մարդն այդ զենքն օգտագործում է՝ չիմանալով, որ դիմացինը ասթմատիկ կամ հիպերտոնիկ հիվանդ է, սրտային խնդիրներ ունի, կարող է մարդու մահվան պատճառ դառնալ»:

Գնդիկավոր, օդամղիչ զենքերը, որոնք եւս դասվում են քաղաքացիական զենքերի շարքին, նույնպես խանութներում ազատ վաճառվում են: Սակայն դրանք կրելու իրավունք մարդը չունի եւ չի կարող այն դնել գրպանն ու ման գալ, քանի որ նախատեսված են զուտ սպորտային միջոցառումների համար:

Ընդհանրապես՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաեւ որսորդությամբ եւ սպորտով զբաղվելու համար: Մասնագետի ներկայացմամբ՝ քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը եւ չպետք է ունենա 10 փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):
ՀՀ տարածքում զենք կրելու, ձեռք բերելու, դրա թույլտվություն ստանալու իրավունքը նախատեսված է «Զենքի մասին» ՀՀ օրենքով: Ըստ փորձագետի՝ մեր երկրում զենքերը բաժանված են 3 խմբի՝ քաղաքացիական, ծառայողական եւ մարտական:

«Մարտական զենքը, որն ունի 300 ջոուլից (աշխատանքի եւ էներգիայի չափման միավոր – Լ. Բ.) ավելի հզորություն, կրում են այնպիսի ստորաբաժանումներ, որոնք մարտական գործողություններ են իրականացնում, ծառայողական զենքերը հիմնականում պետք է ունենան թիկնապահները, պահնորդները, դրանք 300 ջոուլից ցածր հզորության զենքեր են, իսկ քաղաքացիական զենքերը, որոնք մինչեւ 7 ջոուլ հզորության են, ցանկացած քաղաքացի իրավունք ունի մտնի խանութ եւ գնի»,- ասաց պարոն Սահակյանը:

Ըստ օրենքի՝ զենք ձեռք բերելու իրավունքը ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից, հաշվառման վայրից, անձը հաստատող, առողջության մասին փաստաթղթեր, իսկ դատվածության մասին փաստաթուղթը կամ դրա բացակայությունն ապահովում է ՀՀ ոստիկանությունը: Ձեռք բերված զենքը պետք է պահվի կողմնակի անձանցից անհասանելի վայրում: Նշենք, որ զենք նվիրելու իրավունք ունի այն քաղաքացին, որն ունի այն ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն: Նվեր ստացողը՝ նույնպես: Զենքով պարգեւատրելու իրավունք Հայաստանում ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը եւ ԱԱԾ տնօրենը: Ըստ ոստիկանության մասնագետների՝ միաժամանակ ՀՀ քաղաքացիներին կարող են պարգեւատրել այլ պետությունների ղեկավարները, սակայն նվեր-զենքը 3-շաբաթյա ժամկետում պետք է գրանցվի ոստիկանությունում:

«Զենքի մասին» օրենքով քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա չի տրվում 18 տարին չլրացած քաղաքացուն, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել, հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին, մշտական բնակության վայր չունեցողներին եւ այլն: Գործող օրենքով՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերելու քաղաքացիական զենքի տեսակներ, բայց ոչ՝ ծառայողական կամ մարտական:

Այսօր Հայաստանում մեկ տասնյակից ավելի գրանցված առեւտրային կազմակերպություն կա, որոնք զենք են ներկրում եւ վաճառում: Զենք ներկրելու եւ վաճառելու լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Մասնագետների ներկայացմամբ՝ Հայաստան զենք ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ եվրոպական երկրներից: Զենքի խանութներում կատարված մեր հարցումներից պարզ դարձավ, որ զենքի արժեքը սկսվում է 100 հազար դրամից եւ հասնում մի քանի միլիոնի:

«Առավոտի» հարցին՝ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում օլիգարխների, պատգամավորների որդիների, փեսաների ու նրանց թիկնապահների՝ օրը ցերեկով աջ ու ձախ զենք գործադրելուն, արդյոք չպե՞տք է խստացվեն զենք տրամադրելու պայմանները՝ հատկապես, որ կան քաղաքացիական զենքի տեսակներ, որոնք նույնպես մահացու վտանգ կարող են հասցնել, Տիգրան Սահակյանն ասաց. «Եթե թիկնապահը պրոֆեսիոնալ կրթություն է ստացել, երբեւէ անտեղի զենք չի գործածի. մենք զենքի մասին իրավական դաշտն էլ ենք ուսումնասիրում, զենքի հետ կապված 3-4 մասնագիտություն ենք անցնում:
Թիկնապահը զենք օգտագործելու իրավունք ունի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այսինքն՝ եթե քո կյանքին, քո առողջությանը վնաս է սպառնում եւ հասարակության մյուս անդամների կյանքին ու առողջությանը վնաս է սպառնում, ուրեմն իրավունք ունեն զենք օգտագործելու: Հասարակական վայրերում, եթե հղի կանայք կամ ծերեր կան, թիկնապահն այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի, այնքան պրոֆեսիոնալ տիրապետի զենքին, որ հասկանա՝ տվյալ դեպքում ինքն իրավունք ունի՞ այդ իրավիճակում օգտագործելու, թե՞ ոչ»: Մեր այն դիտարկմանը, թե մեզ մոտ «շեֆն» է որոշում՝ իր թիկնապահն ում պետք է «խփի», ում հետ «հաշիվներ մաքրի», եւ եթե թիկնապահը հրաժարվի, ապա աշխատանքը կկորցնի, պարոն Սահակյանն ասաց. «Երբ որ դու թիկնապահ ես, դու իրավունք չունես կամակատար լինել եւ քո պատվիրատուի կամքով սրան-նրան սպանել, նա արդեն համարվում է քիլլեր, թիկնապահը պոտենցիալ մարդասպան է դառնում: Այն թիկնապահը, որը սովորած չէ, ինձ համար նման է բուլտերեր շանը, որոնք հարձակվում են մեկին հոշոտելու համար»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031