Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկը պահանջում է բեկանել գործը եւ իրեն անմեղ հռչակել

Մայիս 22,2014 14:15

Վահագն Կիրակոսյանի եւ մյուսների գործով դատական գործընթացները շարունակվում են

«Աբովյան» բուժկենտրոնի ուրոլոգ Վահագն Կիրակոսյանին, Նարինե Ամիրխանյանին եւ Աշխարհաբեկ Մեհրաբյանին մեղադրանք էր առաջադրվել իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, որն անզգուշությամբ առաջացրել էր հիվանդ Մարիամ Արշակյանի մահը: Վահագն Կիրակոսյանը, ըստ գործի նյութերի, 2012թ. մայիսի 19-20-ը գտնվել է հերթապահության մեջ՝ վիրաբուժական բաժանմունքում:

Նա Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանել դինամիկ հսկողություն, որի պայմաններում էլ ժամանակին չի ախտորոշվել «ճարպային էմբոլիայի» զարգացումը: Հիվանդի առողջական վիճակի վատթարացման պայմաններում բուժանձնակազմը չի ձեռնարկել լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ միջոցառումներ: Գործի նյութերի համաձայն՝ ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկելու փոխարեն, բավարարվել են ընդամենը զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով: Հերթապահ բժիշկներ՝ թերապեւտ Նարինե Ամիրխանյանը եւ ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանը կատարել են ոչ հիմնավոր ախտորոշում, մինչեւ վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք բուժօգնության: Սարիամ Արշակյանը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, հետեւաբար չեն ձեռնարկվել թթվածնային թերապիա, մոնիտորային հսկողություն՝ կենսական կարեւոր ֆունկցիաների նկատմամբ վիճակի կայունացման համար, ինչի հետեւանքով երկու տարի անց Մարիամ Արշակյանը մահացել է:

Նարինե Ամիրխանյանը 1981 թվականից աշխատել է «Աբովյան» բժշկական կենտրոնում որպես հիվանդանոցային ծառայության թերապեւտիկ բաժանմունքի օրդինատոր (բժիշկ-թերապեւտ)` հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ: Նա գործիքային ախտորոշիչ միջոցառումներ չի ձեռնարկել, ըստ մեղադրանքի, թոքերի համապատասխան փոփոխությունների դիֆուզ ինֆիլտրացիայի, թոքանկարի ուժեղացման հայտնաբերման նպատակով կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, ի հայտ եկած բարդության ախտորոշման նպատակով նաեւ ակնահատակի, արյան եւ մեզի հետազոտություններ չի կատարել: Իսկ Աշխարհաբեկ Մեհրաբյանը 1979 թվականից աշխատել է նշված բուժհիմնարկում որպես հիվանդանոցային ծառայության վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Նա հրավիրվելով վիրաբուժական բաժանմունք՝ «ձախ ազդրոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանին բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերեյու նպատակով, ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկելու փոխարեն՝ բավարարվել է միայն արտաքին զննությամբ՝ զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով, թոքերի լսումով, ինչի արդյունքում դրվել է ոչ հիմնավոր «ասթենովեգետատիվ համախտանիշ» ախտորոշում, եւ մինչեւ վիճակի ծայրահեղ ծանր դառնալը Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք եւ նպատակաուղղված բուժօգնության:
Գործի նյութերը 6 հատոր են, համաներում է կիրառվել բժիշկների նկատմամբ, սակայն Նարինե Ամիրխանյանը պահանջում է իրեն անմեղ հռչակել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031