Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յո երթաս, Հայաստան…

Մայիս 22,2014 13:45

Քաղաքական կոլաժ

Ա. Խորհրդային ժամանակների պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում կանգնեցնելու շուրջ ծագած տարակարծություններն օրեցօր աճելով, ի վերջո, տարաբնույթ ուժերի միջեւ բախումների պատճառ կարող են դառնալ: Ուստի նպատակահարմար է բարձրացված հարցը թողնել բաց եւ անհետեւանք, քանի որ այն հրատապ եւ շահեկան չէ ինչպես պատմության, այնպես էլ սերունդների դաստիարակության համար: Միայն ցավալի է, որ արձանը կանգնեցնելու առաջարկը վերագրվում է Երեւանի ներկայիս քաղաքապետին, ում հայրը խորհրդային քաղբանտարկյալ, հոգելույս Անդրանիկ Մարգարյանն է եղել: Այսօր չարժե հայ ժողովրդի մեջ տխուր հիշողություններ արթնացնող այս մարդուն հարություն տալ, չնայած նրա անունը՝ Անաստաս, հունարեն նշանակում է հարություն: Ափսոս այս անունը: Այսպիսով, Հայաստանի ներքաղաքական իրադրության մեջ սերնդափոխությունը մեծ դժվարությամբ է կայանում, որի հետեւանքով դանդաղում է երկրի առաջընթացը: Ժողովուրդն ապրում է ինքնաբերաբար, պետությունը գործում է անհամարձակ, եկեղեցին հեռանում է Աստծուց:
Բ. Ժողովուրդն անհուսության է մատնված, որովհետեւ խոստումնազանց իշխանությունը գտնվում է գաղափարազուրկ մի կուսակցության ձեռքում: Այս կուսակցությունը, որ կոչվում է Հանրապետական, որեւէ կապ չունի Աշոտ Նավասարդյանի դավանած ազգայնական համոզմունքի կամ մեծախորհուրդ Նժդեհի կենսահայեցողության հետ: Այս կուսակցությունը բովանդակում է խառնածին ու խառնադավան անձանց ժողովածու, որտեղ կարելի է գտնել բարոյապես մաշված քաղաքական գործիչներ, իրենց կոչմանը չծառայող արվեստագետներ, հացկատակ լրագրողներ, զինվորից զրկված զորավարներ եւ այլք զանազան: Պարզապես այստեղ հավաքվել են տարբեր հետաքրքրություններ ունեցող, բայց միեւնույն շահասիրությամբ տառապող մարդիկ, մինչդեռ այս կուսակցությունն իրեն դեռ իրավունք է վերապահում նժդեհյան կոչել, այն դեպքում, երբ բոլորին հայտնի է, որ Նժդեհը նացիոնալ-սոցիալիստ է եղել: Այնպես որ, ժողովրդին անհուսության մատնող այսօրվա իշխանությունը շարունակում է իշխել եւ նույնիսկ արժանանալ եկեղեցու օրհնությանը:

Գ. Հայ առաքելական եկեղեցին՝ իբրեւ հոգեւոր կաստա, ներկայումս ավելի մեծ իշխանություն ունի երկրում, քան ինքը՝ իշխանությունը: Նա ազատորեն կառուցում է եկեղեցիներ, նստավայրեր, ընդունարաններ ու սրահներ: Եվ, այսուհանդերձ, համապատասխան չափով չի վայելում իր հավատացյալ հոտի համակրանքը, չունի արժանահավատ կեցվածք, համոզիչ չեն հնչում ավագ սեղանից ժողովրդին մատուցվող քարոզները: Թույլ են գործում հոգեւոր ոլորտի կրթական հաստատությունները, չեն ծնվում նշանավոր կղերականներ: Այս առումով Կիլիկյան աթոռի սաները մի քանի աստիճանով բարձր են եւ ազդեցիկ:

Մեր օրերի երիցագույն դասի միաբանը պետք է ունենա Մաղաքիա Օրմանյանի քաղաքական հանճարը, Թորգոմ Գուշակյանի աստվածընկալ հոգին եւ Եղիշե Դուրյանի հրաշախոս լեզուն, որպեսզի հավատացյալները սքանչանան նման մեծեր ունենալով: Այսպիսի մեծերը պետք են երկրի եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության գործերում:

Դ. Հայաստանի Հանրապետությունն ամենաթույլն է անդրկովկասյան հանրապետությունների մեջ, ցավոք սրտի: Թե Ադրբեջանը եւ թե Վրաստանը ունեն հարուստ ընդերք, բերրի հող եւ լայնեզր ծով, որոնցից առատորեն օգտվում եւ ապահովում են իրենց բազմազգ բնակչության հոգսերը: Միեւնույն ժամանակ, վերոնշյալ հանրապետություններն ունեն բարձր միջազգային հեղինակություն եւ ընդունված են գերտերությունների կողմից, քանզի նրանց նախագահները նույնպես մեծ համարում ունեն եւ հարգված են իրենց հարեւան պետություններից: Այս երկու պետությունները սպառազինության մրցավազքում գերազանցում են Հայաստանին, դիվանագիտության մեջ ավելի ճկուն են: Սրանց նախագահներն ավելի կրթված են, անցել են դիվանագիտական դպրոցներ եւ ունեն փորձառություն այս բնագավառներում: Այսքանը, պետք է խոստովանեմ՝ արդարության դեմ չմեղանչելու համար: Մինչդեռ Հայաստանի նախագահը թույլ մտավոր կարողության տեր է, չունի դիվանագիտական ու քաղաքական կուլտուրա, ենթարկվում է Ռուսաստանի հեգեմոնիային: Նման պայմաններում գտնվող պետության հետ, բնականաբար, պետք է վարվեն կամայականորեն, անտեսեն վերջինիս շահերն ու իրավունքները: Ուրեմն, ինչպես գտնել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման բանալին, երբ Ղարաբաղը չի համարվում բանակցային կողմ: Մենք հակված ենք կարծելու, որ մինչեւ այս տարեվերջ խնդիրը կլուծվի անպայման, դժբախտաբար՝ ի վնաս մեզ՝ հայերիս: Այս կարծիքին են շատերը, ընդ որում՝ նաեւ ղարաբաղցիներից ոմանք, ովքեր խուսափողաբար լքում են իրենց ծննդավայրը եւ ապաստան գտնում Հայաստանում: Խորհում ենք՝ արդյոք ի՞նչ պատասխան տալ Եռաբլուրին, որդեկորույս մայրերին, որբեւայրի կանանց ու որբացած այն երեխաներին, որոնց արյունակիցները մատաղ եղան ղարաբաղյան պատերազմի զոհասեղանին: Այս մասին թող մտածեն Հայաստանի վերջին երկու նախագահները, ովքեր միաժամանակ ուղղակի պատասխանատուներն են հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի արյունալի դեպքերի: Այս երկուսը թող հիշեն, որ ժողովուրդը արյունը ջրի հետ չի շփոթում, եւ անպայման պատասխան պիտի տրվի յուրաքանչյուր զոհի արյան դիմաց: Մնում է միայն այնպես անել, որ մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունների կայանալը «հանկարծամահ» չլինեն Նաիրի Հունանյանն ու մյուսները, որոնց վախճանով կարող է փակվել տվյալ ոճրագործության ողբերգական էջը: Համենայնդեպս, պարզից էլ պարզ է, որ հիշյալ սպանդի կազմակերպիչները ռուսները չեն եղել:

Ե. Վերջերս Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ ՀՀ երեք ղեկավարների կողմից կատարվող ծախսերի գաղտնիության մասին: Նիստի ընթացքում դժգոհություններ եղան, բերվեցին առարկություններ, պահանջվեցին արդարացուցիչ ապացույցներ քվեարկվող օրինագծի անհրաժեշտության շուրջ: Եվ ահա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պարզաբանումն վերոհիշյալի, արտահայտվեց՝ «գաղտնի՝ չի նշանակում թաքուն»: Սա արդեն Գալուստ Սահակյանի «հանճարի» վերջին ճառագայթումն էր: Ի գիտություն Գ. Սահակյանի եւ նրա անհեթեթությունն ականջալուր լսողների՝ ստորեւ ներկայացնում ենք «գաղտնի» բառի հոմանիշ բացատրությունը:

Գաղտնի-թաքուն, ծածուկ, գաղտուն, գաղտնածածուկ, գաղտագողի, գողունի, թաքթաքուր, գողտուկ…

Միով բանիվ, այսպիսիք են մեր ղեկավարները՝ անհասկանալի հանրապետության նախագահ, անմեղսունակ խորհրդարանի նախագահ, անկառավարելի կառավարության նախագահ: Այսքանից հետո մեզ մնում է գլուխներս առնել ափերի մեջ եւ հառաչել՝ յո երթաս, Հայաստան:

ՄԵՐՈՒԺԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ամեն ինչ հոյակապ էր ասված,բացի մեկ բանից-Նժդեհին նացիոնալ-սոցիալիստ անվանում են հաստիքով և անհաստիք ռուսամոլները և… Մերուժանը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031