Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումն անցկացրեց գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ: Մեր ընտրանին նախապատրաստվում է ՄԱԷ-ի, Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Մարզումից հետո մարզիչը, Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Բեռնար Շալանդը գոհ էր հրավիրված ֆուտբոլիստներից: Նա նշեց, որ ինքը նոր մարզիչ է Հայաստանում եւ ժամանակի եւ շատ խաղերի կարիք ունի թիմի հնարավորությունները գնահատելու համար: Խոսելով առաջիկա մրցակիցների մասին՝ մասնագետն ասաց. «Մենք ունենք երեք մրցակից: Էմիրությունների հավաքականը բավականին լավ թիմ է: Չէի ասի, թե հիանալի է, բայց որակավորվել է Ասիայի գավաթում: Ի դեմս Ալժիրի հավաքականի, մենք ունենք թիմ, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը, ինչը նշանակում է, որ այն շատ լավ թիմ է:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերվում է Գերմանիային, հավանաբար, մենք գործ կունենանք աշխարհի առաջնության հաղթողի հետ: Մենք պետք է առաջադիմենք խաղից խաղ: Այս երեք հանդիպումներն ինձ համար շատ կարեւոր են, որովհետեւ ես պետք է ուսումնասիրեմ բոլոր թեկնածուներին ընտրական փուլի համար», ասաց Բեռնար Շալանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ