Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանը լուրջ չի համարում Նիկոլ Փաշինյանի քննադատության մեկնաբանությունը

Մայիս 21,2014 22:40

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց. «Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, վայ կառավարություն ջան, քեզ հաջողություն ենք մաղթում, ձեզ լավագույններն ենք մաղթում, ձեր ծրագիրը… ընդհանրապես մի հատ արժե մտածել` սենց բան պետք ա ասել, թե` ոչ, որովհետեւ այս կառավարության ծրագիրը որ նայում ես, իրանց բիզնես-պլաններն ա ընդեղ գրած»: Պատգամավորն օրինակներ բերեց` ձկան արտահանումն ավելացնելու խոստման մասին, մինչդեռ մեկ ամիս առաջ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հարցն էր լուծվում, որ դա ոչնչացրել է ձկնարդյունաբերությունը:

«Նիկոլն է, քննադատել է: Անկեղծ ասած, ես չեմ էլ լսել, թե ինչ աասել, բայց չեմ ուզում մտնեմ ինչ-որ բանավեճի մեջ: Մարդ ա, քննադատում ա: Ես լուրջ չեմ համարում, եթե մտնեմ բանավեճի մեջ կամ մեկնաբանեմ Նիկոլի ասածները»,- Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր գործընկերոջ քննադատությանն, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Պիտի սպասենք, տեսնենք ինքը ինչ է անում, որովհետև դեռ չսկսած ծրագիրը, ասել, որ իշխանությունը կամ հատկապես կառավարությունը, չի կարողանալու, կարծում եմ, կոռեկտ չէ։ Կոռեկտը այն է, որ մենք որոշ ժամանակ սպասենք, տեսնենք, թե ինչ է անում, դրանից հետո նոր անդրադառնանք դրան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  այսօր նման կարծիք է հայտնել պարոն Մարգարյանը: Հետաքրքրվեցինք` արդյոք սա նշանակում է, որ քառյակում կառավարության ծրագրի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում չի լինելու:

Հիշեցնենք,այդ առիթով այսօրվա քննարկման ժամանակ, քառյակն այդպես էլ որոշման չի հանգել:

«Ոչ, չի նշանակում, որովհետեւ մենք դեռ չենք ավարտել քննարկումը: Վաղը եւս կքննարկենք եւ որոշումը կհայտարարենք հենց վաղը»,- ասաց Ստեփան Մարգարյանը` հավելելով, որ կառավարության գործունեության առաջիկա հարյուր օրերից կարելի է վերջնական հետեւություններ անել, ինչը վաղվա քվեարկության հետ կապ չունի: Մեր զարմանքին` ինչպես կապ չունի` ՀԱԿ-ն ու «ժառանգությունը» դեմ են քվեարկությանը մասնակցելուն եւ եթե ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մասնակցեն` թեկուզ ձեռնպահ կամ դեմ քվեարկելով, իրավիճակ է փոխվելու: Թեպետ ՀՅԴ-ական պատգամավորների ելույթները բավական դրական տոնայնության մեջ էին: «Ես կարծում եմ, որ քառյակում կունենանք ընդհանրական տեսակետ` կառավարության ծրագրի նկատմամբ: Մենք հիմա քննարկում ենք եւ քանի չենք ավարտել` որեւէ բան չասեմ: Վաղը կհայտարարենք որոշման մասին»,- ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն հակված է մասնակցել քվեարկությանը եւ ձեռնպահ քվեարկել: Այժմ քառյակում հենց այդ դիրքորոշումն էլ քննարկվում է:

Կառավարության ծրագիրն, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի վաղը` վերջին նիստում, որպեսզի այդ առիթով լրացուցիչ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չլինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031