Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը կենտրոնական բանկի` ՀՆԱ-ի 5.8 % աճի կանխատեսումը լավատեսական է համարում

Մայիս 21,2014 22:31

Չնայած արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների` միջազգային շուկայում պղնձի գների անկման եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ֆիննախը ՀՆԱ-ի աճի ԿԲ-ի կանխատեսումը դրական է գնահատում:

ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականին համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի 5.8 % աճի կանխատեսման սցենարը ֆինանսների նախարարությունը լավատեսական է համարում: Այս մասին նշված է կառավարության վաղվա նիստի օրակարգում, ըստ այդմ` կառավարության հավանությանը կներկայացվի ԿԲ-ի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը:

Ինչպես նշված է նախագծի եզրակացությունում, ծրագրի համախառն պահանջարկը նկարագրող հատվածում նշվում է, որ կանխատեսվող հորիզոնի սկզբում մասնավոր ծախսումների բացասական ճեղքվածքը 2014 թվականի վերջում կզրոյանա: Ըստ նույն փաստաթղթի, այս տարվա առաջին 3 ամիսներին տնտեսական ակտիվության 3.3 %-ին դրական են նպաստել գյուղա-տնտեսությունը`1.5%-ային կետով, ծառայությունները` 1.5%, առեւտուրը`0.9%, շինարարությունը 0.1%-ով, իսկ արդյունաբերությունը -0.7%-ով բացասական է ազդել:

«Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաեւ արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները, մասնավորապես, պղնձի գների անկումը միջազգային շուկայում եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, 2014 թվականին ՀՆԱ իրական աճի 5.8 % կանխատեսման սցենարը լավատեսական ենք համարում»,-գրված է ֆիննախի եզրակացությունում, որտեղ նաեւ նշված է` «Այս պայմաններում գտնում ենք, որ 2014-ին մասնավոր ծախսումների եւ ՀՆԱ ճեղքը կշարունակի մնալ բացասական եւ հետեւաբար ՀՀ կենտրոնական բանկը պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ»:

Ֆիննախը նկատել է, որ տնտեսական աճի եւ գնաճի վրա ազդող ԿԲ-ի կողմից գնահատված 1.5% խթանող գործոնն այնքան էլ նշված թվին չի համապատասխանում. «Հարկ ենք համարում նշել, որ ըստ ֆինանսների նախարարության գնահատականի 2014-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-ից 0.5% խթանող ազդեցություն: Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014-ի ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի եւ գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով»:

ԿԲ-ն 2014-ի գնաճը ցածր է գնահատել` այն պայմանավորելով այս տարվա 2-րդ կեսին գնաճի վրա էներգակիրների սակագների ունեցած ազդեցության չեզոքացմամբ եւ գնաճային ճնշումների տեսանկյունից արտաքին եւ ներքին լուրջ ռիսկերի բացակայությամբ: «Այս կապակցությամբ պետք է նշել, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների` պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի եւ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա (մասնավորապես` պայմանավորված փոխարժեքի արժեզրկման սպասումներով, ինչպես նաեւ դոլարայնացման բարձր մակարդակով) կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:

Նշենք, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի եւ հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ եւ հնարավորինս ընդլայնող»,-այսպիսի եզրակացություն է տվել ֆիննախը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031