Այսօր տեղի ունեցավ լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի եվ Անուշ Բաբաջանյանի «Կյանք` անսովոր սովորական» վավերագրական շարքի ցուցահանդեսը, որում տեղ գտած լուսանկարները ներկայացնում էին Հայաստանում ապրող խոցելի խմբերի կյանքի պատմությունները։
Վավերագրական շարքերից մեկի հեղինակ Նազիկ Արմենակյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց,որ լուսանկարներում ներկայացված են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք հայաստանյան իրականության մեջ ունեն սահմանափակ կարողություններ, բայց այդ սահմանափակումները հաղթահարելով գրանցել են փոքրիկ հաջողություններ իրենց կյանքում. «Այդ սահմանափակումները պայմանավորված են սեռով, ֆիզիկական եւ հոգեբանական գործոններով»։
Լուսանկարչի խոսքերով՝ նման մարդկանց հետ աշխատելը շատ հաճելի էր եւ հեշտ։ Նա պատմեց, որ հատուկ մոտեցում է ցուցաբերել հերոսների նկատմամբ, որպեսզի չնկատվի, որ նրանք ունեն որեւէ խնդիր։
Կարդացեք նաև
Նազիկ Արմենակյանի լուսանկարները պատում էին հերոսների հոգեբանական ապրումների մասին, մինչդեռ Անուշ Բաբաջանյանը ցուցահանդեսին ներկայացնում էր ֆոտոշարքեր, որոնք պատմում էին հերոսների առօրյա կյանքի, նրանց նախասիրությունների, աշխատանքի, հետաքրքրությունների մասին։
Լուսանկարների հերոսների շարքում էին Հայաստանի կույրերի միավորման երգչախմբի երիտասարդ երգչուհիներ, կին տաքսու վարորդներ, մարդիկ որոնք իրենց հիվանդության պատճառով ավելի քիչ էին շփվում ուրիշների հետ, որոնք հաղթահարելով սահմանափակումների շեմը դարձել են հասարակության լիարժեք անդամներ։
Մեզ հետ զրույցում շարքերի մյուս հեղինակ Անուշ Բաբաջանյանն էլ պատմեց, որ նկարներում պատկերված մարդիկ ոչ միայն հաջողակ են, այլ նաեւ անհատներ են, որոնք շարժվել են դեպի իրենց նպատակը. «Նրանք մարդիկ են, որոնց համար կյանքը բարդություններով լի է եւ միաժամանակ սովորական է այնքան, որքան մեր կյանքը։ Ցուցահանդեսը պետք է ցույց տա մարդկանց, թե որքան նորմալ է կյանքը այն մարդու համար, ով նաեւ բարդություններ ունի»։
Ցուցահանդեսը կազմակերպվել է «4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից։ Վավերգրական շարքը համադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի ղեկավար Վիգեն Գալստյանը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ