Օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ պատրաստվում է Մարտի 1-ի գործի քննությանն անդրադառնալ եւ հնչեցնել հանցագործությանը մասնակից պաշտոնատար անձանց անուններ: Մասնավորապես, Սաքունցը նշել էր Սուրիկ Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Հարություն Փամբուկյանի, Մնացական Մնացականյանի, Միքայել Հարությունյանի անունները եւ նշել, որ գործում պետք է ներգրավեն նաեւ մարզպետները:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը վստահեցրեց, որ Սաքունցի այդ հայտարարությանը բացարձակապես լուրջ չի վերաբերվում. «Ես ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ կապ ունի Տավուշի մարզպետը կամ, ասենք, Սյունիքի մարզպետը, կամ Գեղարքունիքի մարզպետը՝ Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Դե որ այդպես է, թող ԺԵԿ-ի պետերին էլ հրավիրի, եկեք նախարարությունների առաջատար մասնագետներին էլ հրավիրենք: Դա անիմաստ է: Հետաքննությունը պետք է վարեն՝ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Ի՞նչ կապ ունեն մարզպետները»:
Մանվել Բադեյանն առաջարկեց, որ Մարտի 1-ի բացահայտման համար սպասենք քննության արդյունքներին:
ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ Մարտի 1-ի «մեղավորների» ոչ մի ցուցակի ծանոթ չէ, որ հիմա էլ համալրեն. «Ով ինչ ուզի՝ կարող են խոսել: Նախ թող պարզեն հիմնական մեղավորների ցուցակը, նոր ավելացնեն կամ պակասեցնեն: Իսկ մեղավորներին պետք է դատախազությունը պարզի՝ նախաքննության միջոցով: Գործը հարուցված է, քննությունը շարունակվում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Օ, Բրուտոս…Նման ես քեզ:
Օրհնված շնչավորի տեղ է դրել իրեն – « թող ԺԵԿ-ի պետերին էլ հրավիրի »