«Իրենց նախասիրություններով, բնավորությամբ, արժեքային համակարգով նախկին ու ներկայիս վարչապետները որոշակի տարբերություններ ունեն, ու հնարավոր է արտահայտվի իրենց գործելաոճի վրա»,-«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, համեմատականներ անցկացնելով գործադիրի նախկին ու ներկայիս ղեկավարներին, այսպիսի կարծիք հայտնեց:
Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ նախասիրությունների մասին է խոսքը, որոնք հիմք են տալիս պարոն Սադոյանին կարծելու, թե վարչապետի գործելաոճում փոփոխություններ է պետք սպասել, նա պատասխանեց. «Տարբերությունների մասին ավելի հստակ խոսենք, երբ նոր վարչապետի պաշտոնավարման հարյուր օրն անցնի, քանի որ հիմա դա կլինի միայն ենթադրություն»: Նախասիրությունների թեման չցանկանալով մանրամասնել՝ պարոն Սադոյանը նշեց. «Նախասիրություններով, բնավորությամբ, մարդկանց հետ հարաբերություններում երկու վարչապետների միջև որոշակի տարբերություններ կան»:
Մեր դիտարկմանը, թե կառավարության ծրագիրն է՞լ չի հուշում, թե ինչ տարբերություններ ու փոփոխություններ սպասել, Արշակ Սադոյանն այսպես արձագանքեց. «Ծրագիրը գործելաոճ չէ, դա գործողությունների պլան է: Դեռ ոչ մի վարչապետ պաշտոնից չի զրկվել ծրագիրը չկատարելու համար: Էական տարբերություններ չեն էլ կարող լինել այսօրվա վարչապետի և Տիգրան Սարգսյանի ծրագրերի միջև. երկուսն էլ ՀՀԿ-ն են ներկայացնում, բնական է նրանց ծրագրերը պիտի արտահայտեն ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները և լայն ընդհանրություն պիտի ունենային ու իրարից էապես չտարբերվեին: Առավել ևս դրանք պիտի արտահայտեին ՀՀ գործող նախագահի ծրագրերը»:
Մեր հստակեցմանը՝ որո՞նք են ներկայիս վարչապետի նախասիրությունները, որոնց վրա անընդհատ շեշտադրումներ է կատարում, պարոն Սադոյանը պատասխանեց. «Եթե հարցնում եք՝ մեկ կամ երկու նախադասությամբ բնութագրեք Հովիկ Աբրահամյանի կերպարը, ես չեմ կարող: Նրա բնավորության գծերի, արժեքային համակարգի մասին բազմաէջանոց աշխատություն կարելի է գրել: Բայց նախկին ու ներկայիս վարչապետները որոշակի տարբերություններ ունեն, ու հնարավոր է դա արտահայտվի իրենց գործելաոճի վրա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ