Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք է տվել նաեւ նրա հորաքրոջ աղջիկը

Մայիս 21,2014 18:43

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով վկաներ Օվսաննա Զաքարյանը, Ծովինար Եղոյանը, Վարդան Կարապետյանը, Հենրիկ Հարոյանը չէին ներկայացել:

Նրանք բոլորն էլ բացակայում են Հայաստանից ու մոտ ժամանակներս վերադառնալու մտադրություն չունեն:

Դատախազ Պապիկյանը միջնորդեց հրապարակել բացակայող վկաների նախաքննական ցուցմունքները: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ ցուցմունքների հրապարակման իմաստն այն է, որ վկան դատարանում գտնվելու ժամանակ լսի իր նախաքննական ցուցմունքը, հետո կողմերը հնարավորություն ունենան հարցեր տալու հակասությունների վերաբերյալ. «Բայց վկաները դատարանում չեն, այս պայմաններում նրանց հարցեր տալու հնարավորությունը չի կարող տեղի ունենալ, այսինքն, չի թույլատրվում հրապարակել վկաների ցուցմունքները»:

Բայց դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները՝ հիմնավորելով, որ այն դեպքերում, երբ վկաների ներկայությունը դատարանում ապահովելը հնարավոր չէ, թույլատրվում է ցուցմունքների հրապարակումը: Դատավորը նաեւ նշեց, որ վկաների ներկայությունն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվել են:

Ըստ տասնիննամյա գյումրեցի, այժմ Ռուսաստանում բնակվող եւ ութամյա կրթություն ունեցող վկա Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքի, Վոլոդյա Ավետիսյանի հետ ծանոթացել է նրա պապը: Նրա պատմելով, Վոլոդյա Ավետիսյանը խոստացել է պապին լուծել իր զինվորական ծառայությունից ազատվելու հարցը: 2013 թվականին ինքը, եղբոր ու պապի հետ գնացել են Էջմիածին, հանդիպել Վոլոդյա Ավետիսյանի հետ, զրուցել, պապը պահանջվող 5000 դոլարից նախնական տվել է 2000 դոլարը: Հենրիկը ցուցմունքում նշել է նաեւ, որ գումարի մնացած մասը պապը, ըստ պայմանավորվածության, մաս առ մաս պետք է տար:

Մյուս վկա Օվսաննա Զաքարյանն էլ Հենրիկի մորաքույրն է, նրա ցուցմունքի համաձայն, Ռուսաստանում ապրող քույրը զանգել է հորը, Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը տվել, ասել է, թե նա կօգնի Հենրիկին կամ բանակից ազատելու կամ իրենց բնակավայրին մոտ զորամասում տեղավորելու հարցում: Գումարային հարցերի շուրջ պայմանավորվածություններից Օվսաննա Զաքարյանը նշել է, որ տեղյակ չէ: Նա նաեւ պատմել է, որ Հենրիկը Ռուսաստանում ավտովթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով ունի առողջական լուրջ խնդիրներ՝ դաստակի, երիկամների գլխի հետ կապված:

Մյուս վկա Վարդան Կարապետյանն էլ ՊՆ փոխգնդապետ է, ում միջոցով, ըստ փոխգնդապետի նախաքննական ցուցմունքի, Վոլոդյա Ավետիսյանը փորձել է կարգավորել գյումրեցի երիտասարդի բանակային հարցերը: Նրա պատմելով, Վոլոդյան մի քանի անգամ իրեն զանգահարել է, ասել, թե իր մոտ ընկերոջ տղայի բանակի հարցերով օգնության կարիք ունի, բայց հրաժարվել է նրա անունն ու ազգանունը տալ, ասել է՝ դու ճշտիր ինչպես կարող ենք գործը գլուխ բերել, հետո անունն ու ազգանունը կասեմ:

ՊՆ փոխգնդապետի պատմելով, Վոլոդյայի հետ ընկերական լավ հարաբերություններ ունի եւ չցանկանալով նրան մերժել՝ խոստացել է օգնել: Հետո ըստ նրա, Վոլոդյան էլի է զանգել նորություն իմանալու համար ու կասկածներ հայտնել, որ իր հեռախոսը գաղտնալսում են, տվել է մեկ այլ բջջային հեռախոսի համար, առաջարկել խոսել գաղտնաբառերով: Ամենավերջում էլ ՊՆ փոխգնդապետը գտել է Վոլոդյա Ավետիսյանին քաղաքավարի «ցրելու» տարբերակը: Նրան ասել է, թե այն մարդը, ում միջոցով հնարավոր էր նման գործարք անել, հրաժարվում է՝ ասելով, թե նման անօրինական գործեր չի անում: Վարդան Կարապետյանը նաեւ նշել է, որ Վոլոդյան իրեն գումար չի խոստացել ու չի տվել:

Վրաստանում բնակվող մյուս վկան էլ՝ Ծովինար Եղոյանը Վոլոդյա Ավետիսյանի հորաքրոջ աղջիկն է: Այս կինն էլ իր ցուցմունքում պատմել է, թե ինչպես է ընկերուհուն առաջարկել Ղարաբաղում ծառայող տղային օգնելու համար դիմել Վոլոդյա Ավետիսյանին:

Ըստ ցուցմունքի, նրա ընկերուհին՝ Անժելա Պողոսյանը, միշտ դժգոհել է որդու ծառայությունից եւ պատմել, որ ցանկանում է որդուն այլ զորամաս տեղափոխել:

Վերջինս, Ծովինար Եղոյանից վերցրել է Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը ու փորձել գործը գլուխ բերել: Բայց, ըստ Եղոյանի, պայմանավորվածություն չի եղել, որովհետեւ Վոլոդյան առաջարկել է նրա ծրագրավորող տղային 500 դոլարով նույն զորամասում համակարգչային օպերատորի ծառայություն:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը միջնորդեց ճանաչել տվյալ անձանց ցուցմունքների անթույլատրելիությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031