2013-ի հունիսին «One Armenia» կազմակերպությունը հայտարարել էր դրամաշնորհի մրցույթ, որտեղ և հաղթող ճանաչվեց 2012 թ. հիմնադրված ԷՊՍԻԴՈՆ թատերախումբը՝ առաջարկելով Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա բեմադրել ռոք օպերա:
Եվ ահա հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան:
ԷՊՍԻԴՈՆ թատերախմբի գեղ. ղեկավար, ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը, որը նաև այս ռոք օպերայի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գրեթե չեն շեղվել Նար-Դոսի գրական հիմքից, միայն սյուժետային որոշ գծերով են իրարից տարբերվում պատմվածքն ու սցենարը. «Նար-Դոսի պատմվածքում Ես-ի պատմությունն է, որը կործանվեց սիրո պատճառով, այսինքն՝ ուժեղ չգտնվեց և իրեն տարավ դեպի անդունդ, ապա տեսնում ենք փողոցային երաժիշտ Անտոնիոյին, որը Ես-ի հակապատկերն է, այսինքն՝ դժվարության հանդիպելով՝ նա դեպի բարձունք գնաց: Մեր սցենարում դուրս է մնացել նարդոսյան այն գիծը, երբ Ես-ը համեմատում է իրեն ինչ-որ մի օր իր կարդացած պատմվածքի հերոսի՝ Անտոնիոյի հետ, և ափսոսում, թե ինքը նույնպես կարող էր չկործանվել: Մեր ռոք օպերայի առաջին գործողությունը Ես-ի պատմությունն է, իսկ երկրորդը՝ Անտոնիոյի, այսինքն՝ մենք փորձում ենք երկու տարբեր մարդկանց կենսագրություններ ներկայացնել, իսկ եզրահանգումը թողնել հանդիսատեսին, մենք չենք ցանկացել կողմնորոշել նրան, նա ինքը այս ամենի արդյունքում կորոշի, թե այս աշխարհներից որ մեկի կողմնակիցն է»,- մանրամասնեց Ա. Սարգսյանը:
Այնուհետև, անդրադառնալով մեր մշակութային կյանքում օպերայի գրեթե բացակայությանը վերջին քսան տարիներին, ռեժիսորն ասաց. «Շատերին թվում է, թե հարյուր հազարից ավելի դոլար է պետք, որպեսզի կարողանան ռոք օպերա ներկայացնել, բայց, թող անհամեստ չթվա, մենք բոլորին կապացուցենք, որ դա հնարավոր է իրականացնել նաև տասը հազար դոլարի սահմաններում, որովհետև գաղտնիք չէ, որ «One Armenia»-ի դրամաշնորհը տասը հազար դոլար էր»:
Նա նաև ընդգծեց, որ մեզանում այդ բացի պատճառով շատերը չգիտեն՝ ինչ է ռոք օպերան. «Դա ռոք համերգ չէ, ինչպես կարծում է մարդկանց մեծ մասը: Նույն դասական օպերան է, պարզապես, երաժշտական լուծումներն են տարբեր, գործիքավորումը ռոքային է»,- ընդգծեց բանախոսը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ռոք օպերայի երաժշտության հեղինակը «Այաս» ռոք խմբի հիմնադիր, վերջին տարիներին ՌԴ-ում ապրող և ստեղծագործող Արթուր Միտինյանն է, որը, ինչպես նրան բնութագրեց Ա. Սարգսյանը, շատ հայ է, և այդ հայկականությունն ամբողջովին դրսևորվել է օպերայում. «Օտար երաժշտության որևէ տարր Արթուրը չի ներառել,- վստահեցնում է Ա. Սարգսյանը,- նույնիսկ երկրորդ գործողության մեջ, որտեղ իտալացի Անտոնիոյի պատմությունն է, և, հետևաբար, այնտեղ Իտալիայի շունչը պիտի լիներ, Արթուրն ասաց, որ եթե հայ ենք, պիտի գրենք հայկական ռոք օպերա»:
Արթուր Միտինյանն էլ հավելեց, որ ձգտել են դրան, որպեսզի եթե այդ ռոք օպերան աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելու լինեն, կամ եթե անգամ տեքստը թարգմանվի, հանդիսատեսը միանգամից հասկանա, որ սա հայերինն է, հայկական ոգի կա մեջը:
«Արթուրն իր հայկականությունը ոչ մի տեղ բաց չթողեց,- նկատեց Ա. Սարգսյանը:- Նույնիսկ մի տեղ ես ուզում էի, որ հնչեր իտալական տարանտելա, բայց Արթուրն ինձ հետ երկար վիճելուց հետո գրեց հայկական տարանտելա»:
«Ուզում ենք ասել, որ հայերն են ստեղծել տարանտելան»,- կատակեց Ա. Միտինյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ