Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամներից մեկը գովեց կառավարության ծրագիրը, մյուսը`փնովեց (Տեսանյութ)

Մայիս 21,2014 17:47

«Առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից կառավարության ծրագրի ինչ-որ հոտ է գալիս և առաջին անգամ է, որ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել շուրջ 20 տարի»,- այսօր խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, նման գնահատականներ տվեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Նախորդ կառավարության հետ մենք 6 տարի կորցրել ենք, նախորդ կառավարությունը չի հասկացել , որ 2007 թվականից սպառվել են վերականգնողական աճի հնարավորությունները, խրախուսում էր առաջարկը, երբ որ պետք է խրախուսեր պահանջարկը և ճիշտ հակառակը»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նախորդ կառավարությունը, որը «ընդլայնողական» , «զսպողական» և այլ անիմաստ բառակապակցություններ էր օգտագործում, ծրագրերում նյութ չի ունեցել, ինչ արդյունքում 6 տարում 8 տոկոս աճ է գրանցվել, այն դեպքում, երբ Ադրբեջանը 1,5 անգամ մեզնից առաջ է ընկնում:

Հրանտ Բագրատյանը դրական է վերաբերվում նրան, որ ավելացրած արժեքի հարկը սահմանին չի հարկվելու: Դա մի համակարգ, որը մտել է Հրանտ Բագրատյանի վարչապետությունից հետո:

Նախկին վարչապետը, սակայն, ոչ միայն դրական նոտաներով արտահայտվեց: Մատնանշեց մի քանի թերություններ, որոշ առաջարկներ արեց, օրինակ, ողջ բնակչության համար հայտարարագրերի ինստիտուտի ներդնումը:

Ի հեճուկս Հրանտ Բագրատյանի, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի կարող կողմ քվեարկել կառավարության գործունեության ծրագրին, քանի համարում է, որ սա առաջին հերթին մեծահարուստների շահերը սպասարկող կառավարություն է։ Նման տրամադրություններ ՀԱԿ-ում առաջացել են կառավարության կողմից մի շարք նախաձեռնությունների արդյունքում`շքեղության հարկի վերացնելը, խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանելը եւ այլն:

«Նախորդ կառավարության հրաժարականը պահանջելիս՝ մենք նշում էինք, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ, և կառավարության հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ երկիրը առկա ճգնաժամից դուրս բերելու համար: Սա ակնհայտ դարձավ կառավարության նոր կազմը հրապարակելուց հետո»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրի`հավասար մրցակցության դաշտ ապահովելու խոստմանը, բանախոսը եզրակացրեց, որ դրանով իսկ փաստվում է, որ նման տնտեսական միջավայր մեր երկրում չկա: «Կառավարությանը ծրագիրը ծրագիր չէր լինի, եթե չնշվեր կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը և հավելեց, որ նման միջոցառումների պակաս մեր երկրում երբեք չի եղել, բայց կոռուպցիան մեր երկրում անշեղորեն աճել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031