Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ Եվրամիությանը ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար. Անրի Ռենո

Մայիս 21,2014 17:13

«Առաջարկը եղավ փորձել զարգացնել հարաբերությունները՝ գտնելով հարմար տարբերակներ, հնարավոր միջոցներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հայաստանյան իշխանությունների արտահայտած այդ վճռական մոտեցումը»,- այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Այն հարցին, թե որո՞նք են լինելու Հայաստան ԵՄ հարաբերությունների զարգացման համար կոնկրետ քայլերը, դեսպանը պատասխանեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում իր պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, մնում է Բրյուսելը մտածի արված հայտարարության շուրջ, որպեսզի պատեհ առիթ ընձեռվելու դեպքում անդամակցության քայլեր կատարվեն.
«Հայաստանը կայացրել է իր որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, հանրապետության նախագահն էլ իր այցի ընթացքում, բնականաբար ըմբռնումով էր մոտեցել, նամանավանդ, Հայաստանի արտահայտած վճռականությանը կապված Եվրամիության անդամակցության հետ, մնացած ոլորտներում»:

Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Անրի Ռենոն անդրադառնալով հրադադարի 20-ամյակի առթիվ համանախագահների արած հայտարարություններին՝ նշեց, որ նրանց առաջարկած երեք հիմնարար սկզբունքները հավասարազոր ուժով են օժտված, եւ դրանց հասարակությունը ծանոթ է մադրիդյան սկզբունքներ անվանումով.
«Ցավոք սրտի, դեռեւս 20 տարի առաջ ստորագրված հրադադարի պայմանագիրը, որ այդ 20 տարիների ընթացքում իրավիճակը կարգավորելու հնարավորություն չտվեց, հակամարտությունը դեռ կա: Ինձ թվում է, որ հասունացել է այն պահը, որ այս տարածաշրջանը վերածվի խաղաղության, բարգավաճման, կայունության տարածաշրջանի: Առաջին հերթին, որ այն վերածվի խաղաղության տարածաշրջանի, որովհետեւ խոսք անգամ չի կարող լինել ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման մասին, իսկ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանք ու եռանդ չի խնայելու՝ շարունակելու համար իրեն վստահված առաքելությունը, այն է՝ աշխատել, գործել, որոնել հնարավոր տարբերակներ, որոնց շնորհիվ հնարավորություն կլինի գտնել այդ թնջուկի կարգավորման ընդունելի տարբերակը»:

Իսկ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Անրի Ռենոն համարում է ռազմավարական ընտրություն եւ այդ որոշման զուգահեռ Հայաստանը չի հրաժարվում մեկ այլ դիրքորոշումից, այն է՝ շարունակել Եվրամիության հետ իր հարաբերությունները մնացած բոլոր ոլորտներում.
«Հայաստանի որդեգրած այդ քայլերն ընկալելի եւ հասկանալի են, եւ Ֆրանսիան դրա դեմ ոչ մի բան չունի, մեր ցանկությունն է, որ Եվրամիությունը ասոցացման միջոց գտնի Հայաստանի համար՝ համաձայն այնպիսի մի բանաձեւի, որում հաշվի է առնվում Հայաստանի ստանձնած մնացյալ այլ բոլոր հանձնառությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031