Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը

Մայիս 21,2014 16:39

Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական խորհուրդներին. «Սա նշանակում է, որ պետության կողմից ավելի է կարևորվում աշակերտական խորհուրդների դերը, ինչն էլ ավելի պատասխանատու պետք է դարձնի աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքը»։ Նա խորհուրդ տվեց դպրոցականներին աշխատանքներ տանել մասսայական միջոցառումների իրականացման, աշակերտական կառույցների ակտիվության բարձրացման ուղղությամբ, ինչը դպրոցների միջև կապահովի մրցակցություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ նման հավաքների ընթացքում բավականին հետաքրքիր գաղափարներ են առաջարկվում աշակերտների կողմից։ «Աշակերտները ցանկանում են, ուսումնական պրոցեսից բացի, ունենալ նաև այլ զբաղվածություն։ Առաջին համաժողովից հետո հենց աշակերտների առաջարկով կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ինչը հետագայում կօգնի նրանց ընտրել այն մասնագիտությունը, որն ավելի հոգեհարազատ է, և որի շրջանակներում կկարողանան ավելի լավ ինքնադրսևորվել»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը նշում է, որ իրենց դպրոցում ուսուցիչներն ու տնօրինությունը կարևորում են աշակերտական խորհրդի դերը, և իրենց ցանկացած առաջարկ արժանանում է քննարկման։ Լիլիթը ներկայացրեց իրենց դպրոցի աշակերտական ինքնակառավարման մարմնի 2013-2014 ուսումնական տարվա գործունեությունը։ Նա մատնանշեց որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրենց կառույցի աշխատանքներին, մասնավորապես, խոսեց աշակերտների ծանրաբեռնվածության մասին, ինչը հաճախ խանգարում է երեխաներին լինել ավելի ակտիվ։

DSC_7563

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ալեն Մարգարյանն էլ նշում է, որ իրենց կառույցը դպրոցի սաների համար մշտապես կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Ալենն իր զեկույցում առաջարկեց, որպեսզի ավագ դպրոցներն ավելի սերտացնեն համագործակցությունը միմյանց հետ, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու աշակերտական ինքնավարության մարմինների զարգացմանն ու կատարելագործմանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031