Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամռանը մայրաքաղաքը հագեցած կլինի միջոցառումներով

Մայիս 21,2014 16:35

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։

«Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։

Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։

««Երևանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երևանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց. շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երևանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, և այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երևանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է և տեղին։ Այս տարի «Երևանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, և ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ և գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
«Երևանյան ամառ» ծրագրի երեք ամիսների ընթացքում Մանկական զբոսայգում շաբաթ և կիրակի օրերին ժամը 12։00-14։00-ն բացօթյա բազմաժանր համերգային, կրկեսային ծրագիր է նախատեսված։ Ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 11։00-17։00-ն մուտքը անվճար է լինելու Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Իսաբեկյան ցուցասրահներում։
Հունիս-օգոստոս ամիսներին Կարապի լճում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։30-ից 22։30-ը բացօթյա էկրանին հայկական ֆիլմերի ու համերգների ցուցադրում է լինելու։ Շառլ Ազնավուրի հրապարակում շաբաթ օրերին երեկոյան «Երևան» փողային նվագախումբն է ելույթ ունենալու։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս տարի «Երևանյան ամառ» ծրագրում բազմաթիվ են նաև մարզական միջոցառումները, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնն է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք մարզաձևերից։ Մարզական փառատոնն անցկացվելու է երկու՝ վարչական շրջանների ու քաղաքային փուլերով։
«Երևանյան ամառ» ծրագրի առավել մանրամասն բովանդակությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ մայիսի 25-ից թերթի կրպակներում տրամադրվող գրքույկներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կայքերից։

«Երևանյան ամառը» ներառում է նաև օգոստոսի 1-ից 15-ն անցկացվող առողջապահական ակցիա: Այդ ընթացքում երևանցիները կարող են անվճար բուժհետազոտություն անցնել սիրտ-անոթային, վահանաձև գեղձի հիվանդությունների գծով, ինչպես նաև ենթարկվել թանկարժեք՝ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությունների։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում, Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, ուր մուտքը երեխաների համար անվճար է լինելու։ Սահմանված ժամերին անվճար են լինելու նաև Մանկական այգու բոլոր և Հաղթանակի զբոսայգու 25 ատրակցիոնները։ Այդ այգիներում նաև տոնական-ժամանցային ծրագրերով համերգներ են լինելու երեկոյան: Հաղթանակի զբոսայգում 22։00-ին մեծ հրավառություն է սպասվում։ Կարապի լճի բացօթյա էկրանին 20։00-22։00-ը հայկական մուլտֆիլմեր են ցուցադրվելու։
Հունիսի 1-ից մեկնարկելու է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու տարեշրջանը։ Ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Ֆրանսիայի հրապարակից սկիզբ կառնի բազմալեզու երթուղին՝ երկհարկանի ավտոբուսներով, բովանդակությամբ թարմացված գիդ-ծրագրով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031