Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազառ» խորհրդարանում`Նիկոլ Փաշինյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ (Տեսանյութ)

Մայիս 21,2014 16:20

«Ըստեղ բազար չի, արա»,-այսօր խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս):
Պատճառը`կառավարության ծրագրի մասին Նիկոլ Փաշինյանի խիստ քննադատողական ելույթն էր, որում պատգամավորը շարունակեց խոսել պաշտոնյաների ունեցվածքի մասին:
Առաքել Մովսիսյանի նյարդերը չդիմացան եւ դահլիճից ինչ-որ բան բղավեց ու քանի որ դահլիճում այդ պահին աղմուկ էր`չհասկացվեց, թե Առաքել Մովսիսյանն ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորը`դիմելով ԱԺ նախագահին, ասաց. «Մի հատ կարգի հրավիրեք»: «Հիմա ո՞ւմ կարգի հրավիրեմ`ձեզ, թե՞ պատգամավորին»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը եւ Փաշինյանին հորդորեց`չարություն չանել:

«Եթե դուք թոթոթվախոս եք, դժվար եք բառերը գտնում ու կապում իրար, դա չի նշանակում, որ Ազգային ժողովը մանկապարտեզ է»,- ավելի ուշ, իր ելույթի ընթացքում, հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանն, իր ելույթում հեգնեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որը հայտարարել է, թե բիզնես չունի: Փաշինյանը թվարկեց Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապված բիզնեսները՝ նշելով, որ նրան պատկանող «Յուքոմ» ընկերության հիմնադրումից հետո ՊԵԿ-ը, որ նախագահն էր Գագիկ Խաչատրյանը, հրաժարվել էր «Արմենթելի» ծառայությունից ու բաժանորդագրվել «Յուքոմին»: «Գագիկ Խաչատրյանին հարցնում եմ՝ էս ի՞նչ պատմություն ա, ասում ա՝ ես ի՞նչ խաբար եմ, պայմանագրերը աշխատակազմի ղեկավարն ա կնքել: Ասում ա՝ «Յուքոմն» իմը չի, հորոխպորս տղունն ա: Մի ուրիշ կազմակերպություն կա, որ Գագիկ Խաչատրյանի տան վրա է գրանցված, ՀԴՄ թուղթ ներկրելով է զբաղվում: Մարդ զբաղված ա թուղթ ներկրելով, ասում ա՝ իմը չի, տղունս ա, հորոխպորս տղունն ա»,- մասնավորաբար ասաց Փաշինյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ Փաշինյանն իր ընտանիքն անգամ չի կարողանում պահել: Պատգամավորն իր ելույթում նշեց, որ Հայաստանում ստեղծված պայմաններում շատերն ընտանիք չեն կարողանում պահել. «Ամբողջ երկիրը ձերն ա, ձեր պահած ընտանիքի ֆոնին ա, որ Հայաստանում 200 հազար ընտանիք հացին կակա ա ասում»:

Պատգամավորը նկատեց, որ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին Հայաստանի խոշոր սեփականատերերից մեկն է դարձել, հազարավոր հեկտարներով հողեր ունի, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան տներ, «Երևանում որ շենքի մոտ կանգնում ես, մարդիկ ասում են՝ Հովիկ Աբրահամյանն այս շենքում երկու հարկ ունի»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ, ըստ Փաշինյանի, այնքան անշարժ գույք ունի, որ տպավորություն է ստեղծվում, թե այս անձը վերջին քսան տարիներին ոչ թե պաշտոններ է զբաղեցել, այլ անշարժ գույքի գործակալ է եղել:

«Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես դժվար է հասկանալ, թե ինչո՞վ է զբաղված, ինչի մասով խոսում ենք, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է, ինչո՞վ եք զբաղված: Իրենց ունեցվածքն են հայտարարագրում, մենք էլ ուրախանում ենք, որ հինգ միլիոն դոլար են հայտարարագրում, բայց իրենք մտքում խնդում են, թե էս ինչ ծիծաղելի թվեր եք մեզ վերագրում: Բա կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի՞ է լինում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պատգամավորի, այսօր ունենք «կրախի առաջ» կանգնած երկիր, 32 տոկոս աղքատություն, իսկ Հովիկ Աբրահամյանն այս ֆոնին հողագործությամբ է զբաղվում ու մեծ շահույթներ ստանում, «Ստացվում ա, որ ձեր մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է ստացվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031