Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միավորվեն իր դեմ

Մայիս 21,2014 16:13

Կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք խափանել եք քառյակի գործունեությունը`այսօր խորհրդարանում հնչած հարցին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես որևէ գործ խափանելու տրամադրություն, մտադրություն չունեմ, իմ բոլոր մտադրությունները լավ գործեր անելուն են ուղղված»:

Իշխանափոխության կհասնի՞ քառյակը, հարցից՝ Հովիկ Աբրահամյանը զարմացավ. «Նման նպատակ ունե՞ն, ես չգիտեի»:

Հարցին`ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ողջունում է, յուրաքանչյուր հանդիպում: Կարո՞ղ է դա ձեր դեմ է ուղղված`հարցին էլ՝ պատասխանեց. «Իմ դեմ կարևորը ես չլինեմ, թե չէ ով ուզում է, թող լինի: Եթե ես իմ գործն եմ անելու, հիմա ով ուզում է դեմ լինի, ով ուզում է կողմ լինի: Ի՞նչ է տալիս, եթե ես իմանամ, որ դեմ են, գնամ ասեմ՝ իմ դեմ մի խոսե՞ք: Ոչ մի բան չեմ բացառում: Հիմա դրա համար ի՞նչ է պետք, որ ես լավ աշխատեմ, ազնիվ աշխատեմ, թափանցիկ աշխատեմ, ինչքան ուզում են դեմ լինեն: Կարևորը փաստ չլինի, որ ինձ մեղադրեն, և որևէ սխալ որոշում չկայացնենք: Ես համոզված եմ, որ նոր թիմի մեջ կա եռանդ, իսկ ով չի աշխատի կամ վատ կաշխատի, մենք բաժանվելու ենք նրանից: Ես էլ համոզված եմ, որ ինձ մոտ հաջողվելու է»:

Լրագրողներից մեկի հարցին`երեկ խորհրդարանում հայտարարեցիք, որ ռուսական գազի խողովակի վթարով պայմանավորված՝ այս փուլում Իրանից գազի ներկրումն ավելացել է, որ Հայաստանը գազի կարիքները հոգում է իրանական գազով, սակայն «Գազպրոմ Արմենիայից» դա հերքել են, վարչապետն արձագանքեց. «Այո, ներկրման ծավալն ավելացել է, 2 մլն-ից ավելի է, բայց ՋԷԿ-ի հետ է պայմանագիրը: ՋԷԿ-ին ենք տալիս, որ հոսանք ստանանք»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն, Գորիսի քաղաքապետի ընտրությունների հարցով Հովիկ Աբրահամյանի միջամտությունն է եղել: «Որևէ միջամտություն չի եղել, ինձ համար միևնույն է, թե Գորիսի բնակչությունը որ թեկնածուին կընտրի»,- ասաց վարչապետը:
Հրաժարվելո՞ւ եք ձեր թևավոր խոսքերից՝ կենսաթոշակային կուտակային համակարգի հետ կապված՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված», քանի որ բառարանային բացատրությամբ դա նույն նշանակությունն ունի, վարչապետը պատասխանեց. «Ես նման թեզերից չեմ հրաժարվում, հարաբերական ձևակերպում է դա»: Հորդորին`բացատրել, թե ինչ է ասել «պարտադիր., բայց ոչ պարտադրված», վարչապետը պատասխանեց, որ օրենքի փաթեթում այդ ամենը կլինի:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`շարունակո՞ւմ է վարչապետը մնալ այն կարծիքին, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ: «Դուք կոնտեքստից կտրում եք, շատ անարդար է: Բայց որ գործարարությամբ զբաղվելու համար խելք է պետք, դա ընդունեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031