«Անկախ մեր մասնագիտական հանձնաժողովն ինչ է ներկայացնելու, վերջնական որոշումը ՀՀ նախագահինն է լինելու: Նախաձեռնող կողմը ՀՀ նախագահն է, և այս պարագայում հանձնաժողովի աշխատանքները կրելու են ՀՀ նախագահի համար խորհրդատվական բնույթ և ոչ ավելին»,-այսօր սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումներից հետո այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ քննարկումների ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, թե «որոշողը Սահմանադրական հանձնաժողովը չէ, ուժերը քաղաքական ընտրություն պիտի կատարեն»:
Ուստի հարց է ծագում, այս հայտարարությունից հետո ի՞նչ զարգացումներ սպասել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ուժերից 4-5-ը դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին. սա չի՞ նշանակում, որ վերջնական որոշումը Սերժ Սարգսյանինն ու ՀՀԿ-ինն է լինելու, իսկ Սերժ Սարգսյանը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, պարոն Թովմասյանը պատասխանեց. «ՀՀ նախագահն իր այդ կարծիքը հայտնելուց հետո նաև շարունակեց, թե, այնուամենայնիվ, հարցը չի փակում, հարցը բաց է քննարկման համար, և եթե հանձնաժողովի աշխատանքների, քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ կա նման անհրաժեշտություն, ապա ոչինչ չի կարող ավելի բաձր լինել, քան երկրի ու պետության շահը»:
Իսկ թե արդյունքում ինչպիսի՞ որոշում կընդունվի, ՀՀ նախկին նախարարը նշեց. «Քննարկումներ են ընթանում: Չգիտեմ, թե իքս փուլում ինչ դիրքորոշում կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև