Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Որ ոչ մեկը չվիրավորվի, դրա համար ասում եմ՝ առաջինն ինձանից եմ սկսելու»

Մայիս 21,2014 15:24

«Ես նման բան չեմ ասել: Ուղղակի ասում եմ, որ ոչ մեկը չվիրավորվի, դրա համար ասում եմ՝ առաջինն ինձանից եմ սկսելու: Մենք հիմա ասում ենք, որ օրենքի շրջանակներում բոլորը… Մենք բոլորս արձանագրում ենք չէ՞, որ կա ստվեր: Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է: Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտ բերել ստվերը: Ինչքան հնարավոր է, մենք փորձելու ենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու լծակները»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով հարցին` փաստորեն, մինչև հիմա հավասար դաշտ ստեղծված չէ՞ր գործարարների համար:

Հիշեցնենք որ երեկ, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետն ասաց. «Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին`ինչո՞ւ եք շեշտում «մերձավորներ» արտահայտությունը, այսինքն՝ որոշ պաշտոնյաների մերձավորներ արտոնյա՞լ են: «Պարզ չէ՞, թե ինչի համար եմ ասում: Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որ հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք: Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից: Ես ի նկատի ունեի, որ նաև մեր բոլոր ընկերները, մերձավորները հասկանան, որ առաջինն իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ գան բոլորը, և մեր բոլորի նպատակը դա է: Իմ կարծիքով՝ ես շատ հստակ եմ ասել, և որևէ տողատակ փնտրել չարժե»:

Իսկ մոնիթորինգ արե՞լ եք ստվերի հետ կապված` հարցին` Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մոնիթորինգ կանեն պատկան մարմինները և բոլորին կհրավիրեն հարկային դաշտ: Իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել և հաստատ ունենալու ենք հաջողություն»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, ինչպե՞ս է վարչապետը պայքարելու ստվերի դեմ, եթե հստակ հաշվարկներ չկան: «Ստվերը հաշվարկելը շատ դժվար է, մենք փաստաթղթավորում, որ իրականացնենք, ստվերն ակնհայտ կերևա: Եթե չկա փաստաթղթավորում, հաշվառում, հնարավոր չէ հաշվել: Տարբեր թվեր են հնչեցնում ստվերի՝ 25-30 տոկոս: Դա Հայաստանի նման երկրի համար արդյոք մեծ թիվ չէ՞: Ճոխություն է, ճոխություն»,- ասաց վարչապետը:

Արդյոք դա չի՞ վկայում, որ բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են` դիտարկմանը վարչապետը հակադարձեց. «Դե դրան կանդրադառնանք հետո, հիմա մենք փորձենք մեր գործն անենք, գնահատականներ չտանք: Մենք փորձենք աշխատենք, արդյունքներն արձանագրենք, հետո գնահատական կլինի: Դուք կտեսնեք, որ եթե այսքան հարկեր ու եկամուտներ ավելացել են, ուրեմն պարզ է, որ ստվերից է, քանի դեռ նոր ներդրումներ ու աշխատատեղեր չկան: Բայց մեր խնդիրը նորից եմ ասում՝ երկու մասից է՝ առաջինը մենք կայունություն պետք է ապահովենք: Դուք գիտեք, որ 2014 թվականի բյուջեն պետք է իրականացնենք և եկամուտների, և ծախսերի մասով: Մենք փոփոխություններն ակնհայտ կիրականացնենք միջնաժամկետ ծրագրում՝ 2015-17 թվականներին: Ամեն ինչ անելու ենք, որ այն, ինչ ծրագրում հնչեցրել ենք, փորձենք այս տարիների ընթացքում իրականացնել»,- ասաց վարչապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031