Ազնվացեղ եղջերուն, Դալի մկնիկը Հայաստանից վերացել են, ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծն ու կարմրախայտը վտանգված են: Այսօր «Էկոլուր» ակումբում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը` մայիսի 22-ին կենսաբազմազանության օրվան նվիրված ասուլիսում:
Պարոն Մանվելյանի խոսքերով, 1979 թվականից ի վեր Հայաստանում ոչ մի պահպանվող տարածք չի ավելացել, մինչդեռ մասնագետի վստահեցմամբ, յուրաքանչյուր երկրի 15 %-ը պետք է լինեն հատուկ պահպանվող տարածքներ: Հիմնադրամի տնօրենի ներկայացմամբ, կենդանիներին որսագողերից պաշտպանելու եւ նրանց շարժին հետեւելու համար 40 տեսախցիկ է տեղադրել, որից 7-ը անհայտ անձինք գողացել են:
Կարդացեք նաև
Պարոն Մանվելյանը նաեւ ասաց, որ 5 պահպանվող տարածք են ստեղծել, ինչի շնորհիվ, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի գլխաքանակն ավելացել է: Հիմնադրամը նախատեսել է նաեւ Լեռնաձոր համայնքին հարող տարածքն էլ հատուկ պահպանվող տարածքների մեջ ներառել, որտեղ մուֆլոններ, բեզոարյան այծեր ու ընձառյուծներ են լինում, սակայն համայնքի բնակիչները դեմ են եղել` ասելով, որ ոչխարաբուծությունն են զարգացնում:
Մասնագետը նշեց, որ մեր երկրում կենսաբազմազանությամբ ամենահարուստ մարզը Սյունիքն է: Ըստ պարոն Մանվելյանի, վերջերս էլ ընձառյուծները վերադարձել են Հայաստան, ազնվացեղ եղջերուն էլ «կներկրեն» Վրաստանից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ