Լրահոս
Օրվա լրահոսը

Մարի Դոզեն հանդիպել էր Վարդան Պետրոսյանին մեկուսարանում

Մայիս 21,2014 14:44

Ավտովթարի գործով մեղադրվող Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսում անդրադարձավ դեպքի վայրի զննության արձանագրությանը, երեւացող հետքերին:

Պաշտպանը ցուցադրեց դեպքի վայրի լուսանկարները: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, հետքերը չեն արձանագրվել եւ դա պատահական չի եղել:

«Տուժող կողմը փորձել է հետագայում այդ հետքերը այլ կերպ ներկայացնել: Ուզում եմ բոլորը տեսնեն: Այդ հետքերը արձանագրելու դեպքում բավարար էր, որպեսզի փաստվեր, որ Վարդան Պետրոսյանը որեւէ մեղք չունի, վթարը տեղի է ունեցել բանուկ մասում: Անիվի տակ անիվի հետքն է: Այդ հետքերն ակնհայտորեն երեւում են: Չկա մեկը, որ ասի չեմ տեսնում, բացի պարոն Բալոյանից: Պարոն Բալոյանը սկզբից պնդում էր, որ հետք չկա: Կար լուսանկար, որտեղ քննիչը կանգնած, բայց դեպքի վայրի զննության արձանագրության մեջ այդ հետքերը գոյություն չունեն»,-ասաց Ն.Բաղդասարյանը: Նրա դիտարկմամբ, վթարը տեղի է ունեցել բանուկ մասում:

Նա ցույց տվեց այն լուսանկարը, որով երեւում էր առաջին անիվից «փոքրիկ հետք հետնամաս»: Սակայն, ըստ պաշտպանի, դրանք արգելակման հետքեր չեն եղել:

Պաշտպանը տեղեկացրեց, որ ավտոմեքենաների դատատեխնիկական փորձաքննություն չի անցկացվել. «Կան բազմաթիվ հարցեր, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում, մեր մոտ էլ կասկած կա, թե նախաքննական մարմինը շատ էլ լավ իմացել է, որ մեքենան կանգնած է եղել բանուկ մասում: Գործի նյութերը, երբ ուսումնասիրում ես, տպավորությունն այնպիսին է, թե սկզբից նախաքննական մարմինն է ասել, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, նոր տուժողներն են ասել»:

Մարի Դոզեն անդրադարձավ նույն այն խնդիրներին, ինչի մասին գլխավորապես խոսել էր երեկ Կոտայքի մարզի դատարանում դատական նիստի ժամանակ: «Այս փուլում օգտակար կլինի նշել, որ ոչ թե մեղադրյալը իր անմեղությունը պետք է ապացուցի ,այլ մեղադրող կողմը պետք է ապացուցի: Ամիսներ շարունակ իրերը մի քիչ գլխիվայր են շուռ տված: Ես Երեւանում եմ գտնվում 3-րդ անգամ, վերջապես երեկվա նիստի ժամանակ կարողացա հանդես գալ: Վշտացած եմ, տխուր եմ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում: Չէի կարող պատկերացնել, այն դեպքում, երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու մեջ, դատարանը որոշում է կայացնում, խմիչքի օգտագործման վերաբերյալ քննություն կատարել:  Տպավորությունն այն է, թե քննությունն ապացուցում է, թե դուք ինչ-որ բանում անմեղ եք, եւ ձեզ դատարան են ուղարկում իրավախախտման համար, սակայն դատավորը հանկարծ սեփական նախաձեռնություն է հանդես բերում, Ձեզ մեղադրելու այն բաներում, որոնք մեղադրական եզրակացության մեջ չկան: Իրավիճակը Կաֆկայի ստեղծագործության է նման»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին, թե ֆրանսիացի պաշտպանը ծանո՞թ է գործի նյութերին, թարգմանվա՞ծ են արդյոք, նա պատասխանեց, որ գործի նյութերն իր տրամադրության տակ կան այն ժամանակվանից, երբ ստանձնել է Վարդան Պետրոսյանի պաշտպանությունը:

Հաջորդ հարցին, թե արդյոք պաշտպանական կողմը կդիմի՞ մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան, այն բանի համար, որ Եվրոպական կոնվենցիայով խախտվել է իրենց պաշտպանյալի իրավունքները, դատաքննության փուլում հեռուստաընկերություններից մեկի կողմից ցուցադրվել է Պետրոսյանին վարկաբեկող տեսանյութ, նա ասաց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում իրենք պետք է սպառած լինեն բոլոր ներպետական հնարավորությունները:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե պաշտպանն այցելե՞լ է Վարդան Պետրոսյանին մեկուսարանում, ֆրանսիացի պաշտպանն ասաց, որ այցելել է, եւ ցավալի ու ողբալի է վիճակը ոչ միայն Վարդանի համար, այլ մյուս կալանավորների համար:

«Ֆրանսիայում ուսումնասիրելով գործի նյութերը՝ չէի հասկանում , թե ինչ կապ ունի ալկոհոլը այս գործի մեջ: Որովհետեւ ինձ համար անհասկանալի էր, որ Վարդան Պետրոսյանին, եթե չեն մեղադրում, ինչո՞ւ են դրա մասին խոսում: Հիմա հասկանում եմ, թե ինչու. չես մեղադրվում մի բանում, բայց, այնուամենայնիվ, մեղադրվում ես: Որովհետեւ առանց կեղծելու Վարդանի սթափ լինելու հանգամանքը, ստիպված պիտի լինեն ընդունել նրա անմեղությունը»,-ասաց Մ.Դոզեն: Նա էլի պնդեց, որ նախնական կալանքը Վարդանի անմեղության կանխավարկածի խախտում է:

«Բոլոր ֆրանսիացի իրավաբանները գիտեն, որ այս դատավարությունն ընթանում է Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ, որը ստորագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից»,-նշեց Մարի Դոզեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասուլիսի ընթացքում, Մարի Տոզէ ասել է ՝«Դատարանի որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե խոսքը չվերաբերեր մարդու ազատությանը»:

    Մեթր Մարի Տոզէյի օրերէ ի վեր Հայաստանում սարքած թատրոնն ալ կարող էր ծիծաղ առաջացնել, եթէ խնդրիրը չվերաբերեր մահացած պատանիների:

    Իսկ Ֆրանսայում «Օրէնքի Գերակայութեան» վիճակը շատ աւելի վիճելի է քան այդ փառապա՜նծ եւ իտէալական պատկերը զորս Տոզէ շողշողացնում է դուրսի աշխարհով հիացած եւ հմայուած Հայաստանի բնակչութեան մի մասի երազկոտ աչքերի առաջ:

    Բառացիօրէն առաջին օրից սկսեալ, Վարդանի Պաշտպան Կողմը ինք է որ, ցարդ, ուշացնում է դատի ըստ էութեան քննարկումը եւ հետեւաբար աւարտումը:

    Այս ֆրանսացի փաստաբանուհիի զաւեշտային միջադէպը նորագոյն առիթը եղաւ դարձեալ ապարդիւն կերպով դանդաղացնելու դատի ըստ խորքի առաջացումը:

    Պարզ էր թէ կալանքի վերաբերեալ որոշումը, այս անգամ եւս, մնալու էր անփոփոխ: Օտար ու արտաքին ճնշումը ոչ թէ բան չէր փոխելու այդ ուղղութեամբ, այլ անոր հակառակ ազդեցութիւնը աւելի հաւանական էր…

    Նպատակը ի՞նչ էր, ուրեմն: Արդեօք, հիմնականօրէն, ա՞յս [Տոզեյի իսկ խօսքերով]՝ «այսպիսի որոշման համար Հայաստանը կդատապարտվի ՄԻ Եվրոպական դատարանի կողմից. լինի 5-6 տարի հետո, բայց Հայաստանն անպայման կունենա «Վարդան Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» հաղթած գործ:»….

    Դատը ընդմիջող ու երկարաձգող այս կրկնական եւ ապարդիւն դիմումի ճամբով, Եւրոդատարանի միջոցառո՞ւմը պատրաստուեցաւ ուրեմն: Որ տեղի է ունենալու… «5-6 տարի հետո»… Իսկ մինչ այդ, բանտում նստած վերջնական վճիռ – եւ հետեւաբար խնդրի օրինական յանգում – սպասողը՝ Վարդանն է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031