Գյումրիում ճանաչված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը մեզ բողոք էր ներկայացրել` պատմելով, որ իրեն հրավիրելով «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուին` այնպես են անարգել, վիրավորել, սպառնացել, որ ինքը ստիպված է եղել դիմել ՀՀ գլխավոր դատախազին:
Բանն այն է, որ Սուսաննա Մխիթարյանը պաշտպանում է Գյումրու Մուշ թաղամասում վերջերս սպանված, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի քրոջ շահերը, որը Թուրքիայի քաղաքացի է և ուզում է դառնալ իր սպանված եղբոր երկու անչափահաս երեխաների խնամակալը: Սակայն 6 և 10 տարեկան երեխաների խնամակալ է ուզում դառնալ նաև նրանց ազգությամբ եզդի մորաքույրը` Բասի Շաքոյանը, որն այս պահին գտնվում է Գյումրիում:
Ինչպես տեղեկացրել ենք, ազգությամբ քուրդ Էվիլիային երկու ամիս առաջ Գյումրու Մուշ թաղամասում գտնվող նրանց շենքի մոտ սպանել էր նրա կնոջ` Մայայի առաջին ամուսնուց ծնված որդին` վրեժ լուծելով իր մոր սպանության համար: Ազգությամբ եզդի Մայային Թուրքիայում անցած տարի մանկահասակ երեխայի աչքի առաջ սպանել էր նրա թուրք հորեղբայրը: Այս լուրը իմանալով` Մայայի արտասահմանում գտնվող որդին`Մաքսիմ Բաքոյանը, վերադարձել էր Գյումրի ու սպանել էր խորթ հորը:
Հիմա խնդիրներ են առաջացել ազգությամբ եզդի Մայայի ու թուրք Էվիլա Գյուլիշթեքի համատեղ ամուսնությունից ծնված երկու անչափահաս երեխաների խնամակալության հարցում: Այս պահին Գյումրիում գտնվող մորաքույրն ու Թուրքիայում բնակվող հորաքույրը պայքարում են այս երեխաների խնամակալը դառնալու համար: Թուրքաբնակ հորաքույրը գտնում է, որ իր եղբայրը մեծ ապրուստ ունի Թուրքիայում և ճիշտ կլինի նրա զավակներին տեղափոխել Թուրքիա: Իսկ Գյումրիում գտնվող եզդի մորաքույրը չի համաձայնում արյունախում թուրքերի մոտ երեխաներ ուղարկել:
Կարդացեք նաև
Երեխաների խնամակալությանբ զբաղվող Շիրակի մարզպետարանի հանձնաժողովն էլ երեխաներին ժամանակավորապես հանձնել է Գյումրու «Թրչունյաց տուն» կոչվող մանկատուն` մինչև որ կլուծվի այս հարցը:
Այս փաստը անչափ զայրացրել է երեխաների եզդի մորաքրոջը, որը և դիմել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը, որին հրավիրել են նաև փաստաբան Սուսաննա Մխիթարյանին ու քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Թերեզա Գրիգորյանին: Սուսաննա Մխիթարյանը պատմեց հետևյալը . «Մեզ հրավիրեցին, որպեսզի մենք էլ պարզաբանում տանք, թե մորաքրոջ բողոքը որքանով է հիմնավորված, մի մեծական խոսք կա. ասում են երկու գանգատավոր մի տեղ պիտի լինի, որ հասկանանք: Դեռ ներս չմտած` պարզվեց, որ սա կազմակերպված շոու է, ես լուրջ լրագրող էի պատկերացնում Հրաչ Մուրադյանին` կարծելով, թե այս հաղորդումը օգտակար ինչ-որ բան կտա:
Հարձակվեցին ինձ վրա, ոնց թե ես եմ էդ թուրքը` նույնականացնելով ինձ թուրքի հետ` լուտանքներ, հայհոյանքներ, սպառնալիքներ և իմ, և քաղաքապետարանի ներկայացուցչի հասցեին: Մի անգրագետ մասսա, դերերը բաժանել էին, մեկը ծափահարող է, մյուսը` երեքնոց լացող, մեկը հայհոյող, կային սպառնացողներ, մի հատ երիտասարդ տղա էլ ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքները ուղղեց մեր հասցեին: Քաղաքապետարանի Թերեզային նույնիսկ կապիկ ու անասուն անվանեցին»:
Փաստաբանը իր հասցեին հնչած սպառնալիքների համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նա նախազգուշացրել է, որ այս հաղորդմամբ կենցաղային հողի վրա կատարված սպանությունը ազգամիջյան հարաբերություններ է լարում: Փաստաբանը նաև հարցնում է. «Ո՞վ էր պաշտպանում Հրանտ Դինքի շահերը Թուրքիայում, եթե ոչ թուրք փաստաբան: Մեր օրենքը չի արգելում պաշտպանել այլազգու շահերը»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանի ամբողջական բողոքը` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հրաչ Մուրադյանից ի՞նչ լրագրող ու էն էլ լուրջ….ինչքան հեռու մնաք կիսաբաց լուսամուտներ կոչվող խայտառակությունից, էնքան ինքը շուտ կվերանա ու իրա խառնակչական գործունեության հետ կապված սենց բաներ չեն լինի….