Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Փողոցից եկել եք Ազգային ժողով… էթիկա չունեք, տակտ չունեք» (Տեսանյութ)

Մայիս 21,2014 13:51

Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր շարունակվեցին պատգամավորների հարցերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ծրագրի հետ կապված:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետը եւ նրա հետ փոխկապակցված անձը 2013թ.-ին հայտարարագրել 5,5 մլն դոլարի եկամուտ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ իր հետ փոխկապակցված անձը՝ 6,5 մլն դոլար, մի քանի բնակարան եւ առանձնատուն էլ հայտարարագրել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են կառավարության անդամները նման եկամուտներ ստացել, եթե բիզնեսով չեն զբաղվել:

Նրա հաջորդ հարցը վերաբերում էր կառավարության ծրագրում նշված 5% մինիմալ տնտեսական աճին: Ըստ Փաշինյանի՝ կառավարության ծրագիրը՝ 2013-ին Սերժ Սարգսյանի այն ասածի համատեքստում, ըստ որի, այն կառավարությունը, որը 2013-17թթ. չապահովի 7,5% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, ոչ այլ ինչ է, քան հրաժարականի դիմում, քանի որ դրանում նշված է 5% աճ՝ «թե՞ ձեզ համար Նաջարյանի ասածը….»՝ հայտնի ֆիլմից մեջբերում անելով կատակեց պատգամավորը:

Եվ վերջում հիշեցրեց, որ Աղայանի բացատրական բառարանով «պարտադիրն» ու «պարտադրվածը» նույն բանն են, այնինչ կառավարությունն ասում է, որ կուտակային բարեփոխումները լինելու են պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Վարչապետը նախ գոհունակություն հայտնեց, որ պատգամավորը բառարան է ընթերցում եւ ասաց, որ ինքն էլ՝ ժամանակ ունենալու դեպքում, կսկսի բառարան ընթերցել, ապա նկատեց, որ ամեն ինչ քննադատելը Փաշինյանի ձեռագիրն է՝ «փնտրել, ինչ որ բաներ գտնել… դա ձեզ միշտ կհաջողվի, բայց դա ինձ չի հուսալքում, ես իմ գործն եմ անելու, ինչքան ուզում եք՝ խոսեք, մեծ տարբերություն կա խոսողի եւ գործ անողի միջեւ»:

Ապա կոչ արեց նեգատիվ չվերաբերվել եւ հասարակության մեջ նեգատիվ վերաբերմունք չառաջացնել, գործարարների հանդեպ, նրանց «բոբո» չդարձնել, քանի որ նրանց վճարած հարկերի շնորհիվ բանակ է կառուցվում, դպրոցներ, ճանապարհներ, ինչպես նաեւ՝ «այս գեղեցիկ դահլիճը, որտեղ նստած եք»:

Անդրադառնալով իր անձնական եկամուտներին՝ վարչապետն ասաց, որ երբեք չի թաքցրել իր ունեցվածքը, հողագործությամբ է զբաղվել, երբ օրենքը թույլ է տվել՝ բիզնես է արել, երբ արգելել է՝ չի արել:

Նիկոլ Փաշինյանը զարմացավ, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ հանրապետությունում գյուղացիները հող են մշակում՝ տոկոսի տակ են ընկնում, իսկ վարչապետը հող է մշակում եւ միլիոնավոր դոլարներ է վաստակում՝ «էս հատուկ ձեւ ունե՞ք, էդ ո՞նց եք անում»:

Ապա ճշտեց, որ քննադատելը ոչ թե իր ձեռագիրն է, այլ՝ պարտականությունը՝ «բա հո չե՞նք եկել էս կառավարության անդամներին, որոնք հանրության կարծիքով՝ կոռումպացված են, գանք իրար ժպտանք, անեկդոտ պատմենք, թողնենք գնանք»:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Փաշինյանին եթե հող էլ տան, չի կարողանա մշակել, գործարարությամբ կյանքում չեք կարող զբաղվել՝ «կյանքում չեք կարող անել, դուք մենակ քննադատում եք»…

Իսկ երբ պատգամավորը տեղից փորձեց պատասխանել, վարչապետը նրան մեղադրեց էթիկա եւ տակտ չունենալու մեջ՝ «փողոցից եկել եք Ազգային ժողով, էթիկա չունեք, տակտ չունեք, որ դուք խոսում էիք, անկախ նրանից, որ ինձ տհաճ բաներ էիք ասում, ես լսում էի… Ես ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ, առավելագույնս՝ Ձեզ: Դուք եք փորձում, եթե մտածում եք, որ իմ ունեցվածքը ապօրինի է՝ դիմեք դատախազություն, թող ստուգեն, ուրիշի փողերը հաշվելը ամենահեշտն ա»:

Այդ ողջ ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից փորձում էր միջամտել՝ «Շատ ժամանակ ծախսեցիք արդեն Փաշինյանի վրա», «Պարոն Փաշինյան, խոսել կարելի է, չարություն անել՝ ոչ», «Ընդհատեք», եւ այլն…


Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ(ԵՊՀ ուանողուհի) says:

    հհկ տակտն ու էթիկան ժողովրդին թալանելն է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031