Այսօր «Հայելի» ակումբում հարցին՝ լո՞ւրջ է, երբ վարչապետը հանդիպում է կազմակերպում գործարարների հետ, տնավարի զրուցում են՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանեց. «Մի կողմից ոչ ֆորմալ հանդիպումները ողջունելի են: Ինքնին այդ ֆորմատը չի կարող քննադատվել: Ի՞նչ վատ բան չկա դրա մեջ, որ կառավարության ղեկավարը հանդիպում է գործարարների հետ, աշխարհի բոլոր ղեկավարները Պուտինից սկսած՝ հանդիպում են գործարարների հետ: Վարչապետը ընդամենը կոչ է արել բոլորին աշխատել օրենքի սահմաններում:
Չհավաքվեի՞նք: Բոլոր երկրներում ստվերային տնտեսությունը ակտուալ գաղափար է: Դա հանցագործություն չի, հասկացեք: Դա թերություն է, եթե տնտեսությունը թափանցիկ չէ: Ստվերում է գտնվում ՓՄՁ-ների 99 տոկոսը, հանցագո՞րծ են այդ մարդիկ, չէ՛»:
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ կառավարության կազմում անձերի փոփոխությունը ինքնանպատակ չպետք է լինի. «Նայած նրանից, որ ծրագիրը քիչ ավելի ամբիցիոզ է գրված, բառապաշարն է փոխվել, դա դեռ որեւէ բան չի նշանակում»:
Ըստ նրա, Հայաստանի ստվերի մի զգալի մասը իրենց կապերով թույլ են տալիս բիզնեսը ստվերում պահել. «Հիմա կառավարությունը խոսում է, որ պետք է այնպես անի, որ բոլոր պետական ինստիտուտները աշխատեն, եւ գործարարները ստվերից դուրս գան: Տեսնենք, վստահության խնդիր է»:
Մանվել Բադեյանը դժգոհեց, որ վարչապետի եւ գործարարների հանդիպումը մարդիկ միանգամից քննադատում են, առանց ներկա գտնվելու: Նա պատմեց, որ ինքն էլ է ներկա եղել այդ հանդիպմանը: Հարցին՝ որպես գործարա՞ր էիք հանդիպմանը գնացել, թե՞ որպես պատգամավոր՝ Մանվել Բադեյանը պատասխանեց՝ որպես պատգամավոր, որը գործարարությունից շատ բան է հասկանում, որովհետեւ փորձ ունի. «Այնտեղ հազարից ավելի մարդ կային, պատգամավոր ընդամենը մի տասը հոգի էին, նախարարներն էլ ոչ բոլոր կազմով էին՝ ֆինանսների նախարարն էր, էկոնոմիկայի նախարարն էր, Հարությունյան Դավիթն էր ու վարչապետը: 15 մարդու մասին եք խոսում, եբ այնտեղ հազար մարդ էր հավաքված: Ո՞նց ասեմ, որ դա ագրեսիվ պահվածք չի»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Բադեյանի, պետք է մթնոլորտ ձեւավորվի, որպեսզի գործարարները զգան, որ ճնշված չեն: Եթե այդ մթնոլորտը ձեւավորվի, ինչի մասին կառավարությունը հայտարարեց՝ շատ լավ կլինի. «Կառավարության կազմը ինձ հույս ներշնչում է, ստարտը լավն է: Քննադատություններ միշտ լինելու են: Բայց ոչ թե ագրեսիվ քննադատություն է պետք, այլ, ըստ էության, քննադատություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ