Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքն ու ընդդիմությունն էլ իշխանության կողմից ընտրված մարդիկ են». Սոս Գիմիշյան

Մայիս 21,2014 13:11

«Մեզ մոտ ընտրությունները միջոցառում են, ոչ թե ընտրական պրոցես: Եթե ՀՀԿ-ն ուզեց, ուրեմն կընտրվի, բարոյական ոչ մի բան նշանակություն չունի»,- այսօր «Հայելի» ակումբում Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

ՀՀԿ -ական Ռաֆիկ Պետրոսյանը չհամաձայնեց՝ «Շատ պատգամավորներ ընտրվել են իշխանությունների ցանկությունից դուրս: 60 պատգամավոր է այդպես ընտրվել: Օրինակ, Ապարանի Լյովա Խաչատրյանը իշխանությունների հակառակ էր, բայց ընտրվել է»:

Սոս Գիմիշյանի դիտարկմամբ՝ այդ 60 հոգին էլ են իշխանությունների ցանկությամբ ընտրվել. «Այլընտրանք ու ընդդիմությունն էլ իշխանության կողմից ընտրված մարդիկ են: Հայաստանում չկա ընտրություն ընդհանրապես: Դարձել է միջոցառում, որը նշանակովի է, կաբինետներում է: 96-ին ընտրություն էր՝ թերություններով, կեղծիքներով հանդես: Հիմա չկա, միջոցառում է, որտեղ որոշվում է, թե ով պետք է լինի պատգամավոր: Ընտրական համակարգը ոչնչացված է ինձ համար»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ ԼՂՀ հարցին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը:

Սոս Գիմիշյանի խոսքերով՝ շատ անգամ ստատուս քվոն ավելի լավ է, քան այն քաոսը, որ կարող է ստեղծվել. «Օրինակ, Ուկրաինայում քաոս է: ԱՄՆ-ին որովհետեւ ոչ հաղթանակն է պետք, ոչ էլ պարտությունը, պետք է քաոս: Հայաստանում կան մտքեր, որ որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են իշխանափոխություն անել: Դա էլ պետք չի: Հայաստանում հիմա 3 տիպի ուժեր կան, Արեւմուտքի շահեր են ապահովում, ՌԴ-ին շահերն են ապահովում եւ մի փոքր խումբ կա միայն, որ հայերի շահերն են ապահովում»:
Նա կոչ արեց ոչ մի խաղի չմասնակցել, թե դա արտաքին ազդակներից է գալիս. «Իրավունք չունենք երկու հսկաների արանքը մտնենք, երկու քարի արանքը: Ովքեր այդպիսի կեցվածք ունեն, ուղղակի թշնամություն են անում: Մեր գործը չի աշխարհի մեծերի կռիվը»:
Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ՝ մենք պետք է մտածենք միայն մեր շահերի մասին: Ուորլիքի հայտարարության որոշ կետեր Ռաֆիկ Պետրոսյանը չի ընդունում. «Ասում են՝ սկզբում միջանկյալ կարգավիճակ տանք Ղարաբաղին: Ղարաբաղի մի շարք բնակավայրեր՝ Արծվաշենը, Գետաշենը, այդ տարածքները Ադրբեջանն է օկուպացրել: Ադրբեջանն այսօր մեզ պարտք է բազմաթիվ տարածքներ, որ ինքը օկուպացրել է: Համաձայն չեմ նաեւ, որ Լաչինի միջանցքը պետք է լինի, բայց ոչ ամբողջ շրջանը: Այսօր Ադրբեջանը հարձակումներ է գործում ՀՀ ամբողջ սահմանի երկարությամբ: Մեր անվտանգությունն իրապես ապահովելու համար Լաչինը, ամբողջ այդ տարածքները պետք է մնան մեզ: Ինչ վերաբերում է մյուս շրջաններին՝ այդ հարցը կարելի է քննարկել՝ Ղարաբաղի կարգավիճակը լուծելուց հետո: Հայաստանից ինչ-որ մի բան պետք է զիջել, որ խաղաղություն կնքվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031