Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. «Կա իշխանության գերկենտրոնացում, մոնոպոլիզացիա»

Մայիս 21,2014 12:27

«Որոշողը Սահմանադրական հանձնաժողովը չէ, ուժերը քաղաքական ընտրություն պիտի կատարեն»,-այսօր սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների երկրորդ օրը այսպիսի կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում ընթանում են սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները: Այսօր քննարկվում է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում» թեման:

Պարոն Պողոսյանը համեմատելով 1995 թվականի և 2005-ի Սահմանադրությունները՝ նշեց. «2005 թվականին փոփոխությունների ընթացքում էլ կառավարման համակարգը չփոխվեց, տեղի ունեցան մոդիֆիկացիաներ: Ի տարբերություն 1995 թվականի տեքստի, ՀՀ նախագահն այլևս հնարավորություն չունեցավ ազատելու վարչապետին, ԱԺ-ին լուծարելու հնարավորությունից ևս զրկվեց: Տարիների ընթացքում քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ ոչ մի տարբերություն չկա նախորդ և ներկա տեքստերի միջև: Կա իշխանության գերկենտրոնացում, մոնոպոլիզացիա: Պետք է պետությունը չլինի դոմինանտ մարդու նկատմամբ, և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները պահպանվեն»:

Քննարկվեց հայեցակարգային այն դրույթը, թե անձը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ՝ յոթ տարով: Այս մասին Վարդան Պողոսյանը պարզաբանեց. «Մենք գրում ենք, որ նախագահը միայն մեկ անգամ պիտի ընտրվի: Եթե անաչառ նախագահ է այդ նախագահը, ապա պիտի հասկանա, որ ինքը միայն մեկ անգամ ունի այդ շանսը: Դրա համար մենք ասում ենք՝ միայն մեկ անգամ և բավականին երկար ժամկետով: Այդ յոթ տարին վերաբերում է միայն խորհրդարանական համակարգին անցնելուն՝ համաժամանակյա ընտրությունների հետ»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը տարակուսեց, թե այդպիսի անաչառ նախագահի թեկնածու որտեղի՞ց են գտնելու, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Աչքի տակ որևէ մեկին չենք ունեցել, ես այդքան հոռետես չեմ, կարծում եմ դա հնարավոր է անել: Ժամանակի ընթացքում նման բան ձևավորվել»:

Ներկաներից մեկը, կարճ վերլուծություն կատարելով սահմանադրական բարեփոխումների որոշ դրույթների վերաբերյալ, նշեց, թե ուղղակի կապ չկա քաղաքական կառավարման համակարգի և քաղաքական պրակտիկայի միջև և այսպիսի մտահոգություն հայտնեց. «Հայեցակարգը գրված է մեծամասնության համար, փոքրամասնության մասին ընդհանրապես խոսք չկա: Այսօր Մելիք-Ադամյան փողոցում են կատարվում իշխանական ֆունկցիաները. ձևավորվում է կառավարություն, ընտրվում վարչապետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031