Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն անդրադարձան Գորիսի քաղաքապետի ընտրություններին:
Մանվել Բադեյանը զարմացավ, թե ինչո՞ւ պետք է Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն չմնա, որ այսպես են արձագանքում մարդիկ: Դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված հազարավոր հրապարակումներ են լինում, նա մարդ է, ում հետ կապված միջադեպի պատճառով արյուն է հոսել՝ պարոն Բադեյանը արձագանքեց. «Դուք չեք, որ պիտի որոշումներ տաք, որակումներ տաք: Հանրային կարծիք ձեւավորողներն էլ ագրեսիվ են: Ի՞նչ հանցագործություն է արել: Հանցագործության մասին դատում է դատարանը եւ միայն դատարանը: Ագրեսիվ մշակույթ է ձեւավորվել: Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չի, դատարանն այդպիսի որոշում չի կայացրել նրա մասին: Ի՞նչ է նշանակում, որ մարդը չի կարող մասնակցել քաղաքական պայքարին»:
Հարցին՝ չգրված օրենքներ չկա՞ն՝ պարոն Բադեյանը պատասխանեց. «Չկան: Չգրված օրենքներով է, որ մեկը իրեն թույլ է տալիս փողոցը փակել, մյուսը իրեն թույլ է տալիս մեկի վրա կրակել: Գրված օրենքներով պետք է մարդիկ գործեն: Քանի որ ինքը Սուրիկ Խաչատրյանն է, ինքը իրավունք չունի՞ շնչի»:
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ գորիսեցիները պետք է իրենց հարցերը լուծեն, վախը հաղթահարեն, որ մենք բոլորս կարողանանք օգնել՝ ճիշտ ընտրություն անելու. «Այսօր դատարանի նկատմամբ չկա որեւէ վստահություն, որ ճիշտ որոշում են կայացնում: Մարդիկ կհասկանան, որ ժամանակներն անցել են, որտեղ միայն ուժով եւ վախով կարող էին հարցեր լուծել»:
Կարդացեք նաև
Մանվել Բադեյանի խոսքերով՝ «Եթե Սուրիկ Խաչատրյանը հանցագործ է, ուրեմն թող չընտրեն: Իսկ եթե ընտրում են, ուրեմն հանրային կարծիքը դա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ