Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը և ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը երեկ երեկոյան ՍԴՀԿ Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնում ընդունեցին Թուրքիայի Սոցիալիստական դաշինքի ներկայացուցիչ, Ստամբուլի հայաշատ Բաքըրքեյ թաղամասի թաղապետի նախկին թեկնածու հայազգի Նվարդ Պաքըրքըօղլուին և Նօր Զարթօնք հայկական կազմակերպության ներկայացուցիչ Նշան Գյուրեհը :
Տիկին Պաքըրքըօղլուն ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թուրքիայում հայության իրավունքների հետ կապված խնդիրները, խոսվեց նաև ընտրությունների և դրանց ժամանակ հայազգի թեկնածուի ընտրական իրավունքների բազմաթիվ ոտնահարումների մասին: Վերջինս նաև կարևորեց Թուրքիայի ձախակողմյան հայացքներ կրող ուժերի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համագործակցության հնարավորությունը: ՍԴՀԿ ներկայացուցիչներն իրենց խոսքում նշեցին, որ պատրաստ են համագործակցել Թուրքիայի բոլոր այն առաջադիմական ուժերի հետ, ովքեր իրենց կառավարությունից պահանջում են ընդունել դարասկզբի ամենամեծ ոճիրը՝ Հայոց Ցեղասպանությանը, ինչպես նաև բացատրական աշխատանք են տանում հասարակության շրջանում՝ Հայ Դատի արդարացիությունը քարոզելու համար: ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանն իր խոսքում կարևորեց, որ Հնչակյան կուսակցության ավելի քան 127 տարվա պայքարն ուղղված չէ թուրք ժողովրդի, այլ Թուրքիայի պետական ֆաշիստական և ուրացող քաղաքականության դեմ:
ՍԴՀԿ Մամլո դիւան