Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Կառավարությունն աշխատատեղ ստեղծող չէ». «Ժողովուրդ»

Մայիս 21,2014 11:20

Հատված ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցից:

– Պարոն Հարությունյան, ՀՀ կառավարության նոր ծրագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում նախկին կառավարության ծրագրից, կարելի է ասել՝ ընդամենը «կոսմետիկ» փոփոխություն է կատարվել։ Ինչո՞ւ եք արտատպել նույն ծրագիրը եւ «նորի» անվան տակ ներկայացրել։

– Նախ պետք է նշեմ, որ երկու ծրագրերն էլ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կառավարությունների ծրագրերն են, իհարկե այդ առումով… ընդհանուր առմամբ դա կուսակցության ծրագիրն է, որը ներկայացված է եղել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ։ Ու այս առումով, ուղղությունների առումով կարող են լինել նաեւ նմանություններ։ Իսկ ինչ վերաբերում է որոշակի, կոնկրետ ոլորտներին, ապա կարծում եմ, որ այն անձը, ով նման հայտարարություն է անում, մեղմ ասած, անկեղծ չէ։ Իհարկե կան ուղղություններ, որտեղ դեռ մենք շարունակում ենք նույն աշխատանքը եւ այդ բաժիններում նոր խոսք չենք ասում, բայց բազմաթիվ հարցերում դուք կարող եք հայտնաբերել շատ կարեւոր եւ նոր ուղղություններ։ Այս առումով վարչապետն իր ելույթում մի քանի ծրագրեր ներկայացրեց, որոնք կարծում եմ՝ արմատական նշանակություն ունեն։ Օրինակ՝ ինչպես ենք մենք պատկերացնում օգնությունը գյուղին՝ բացարձակապես նոր մոտեցում է։ Ու այդ առումով, իհարկե, այս ծրագիրը բազում նորույթներ է պարունակում։

– Նաեւ աչք ծակող էր այն, որ կառավարության ծրագրում չկան կոնկրետ խոստումներ աշխատատեղերի բացման հետ կապված։ Մինչդեռ նախկին կառավարությունն այդ առումով իր ծրագրում ավելի հուսալի կետեր էր նշել։ Ինչո՞ւ եք աշխատատեղերին վերաբերող կետերը «սրբագրել» կառավարության ծրագրում։

– Կառավարությունն աշխատատեղ ստեղծող չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է պետական ծառայության մասին։ Այս առումով կարծում եմ՝ պետությունը պետք է կատարի օպտիմալացման քայլ, կառավարությունը պարտավոր է ստեղծել նախադրյալներ աշխատատեղեր ստեղծելու համար։ Մենք վաղուց դուրս ենք եկել պլանային տնտեսություն հասկացությունից եւ այդ ուղին այլեւս որեւէ ժամանակակից երկիր կարծես թե չի որդեգրում։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ձեռնարկատերերն իրենք ստեղծեն աշխատատեղեր։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031