Լրահոս
Օրվա լրահոսը

Չեռնին պալատ. Մի լուսանկարի պատմություն

Մայիս 21,2014 00:23
2

Չեռնին պալատի տեսքը՝ դրսից:

Պրահայի ամենագեղեցիկ շինություններից մեկը՝  1668 թվականին իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Կարատիի էսքիզով կառուցված վեհաշուք Չերնին պալատը՝ Černínský palác-ը, ժամանակին պատկանել է Խուդենիցի ամենահայտնի եւ հարուստ տոհմերից մեկին՝ Չերնիններին: Պրահայի ամենաերկար շինությունը՝ Չերնին պալատը շատ արկածներ է տեսել: Շենքի շինարարությունը դեռ չավարտված՝ 1677 թվականին մահացել են եւ շենքի ճարտարապետը եւ տերը՝ Վենետիկում Ավստրիայի կայսրության դեսպան կոմս Չեռնին: Դրանից հետո պալատը ծառայել է եւ որպես տարբեր մշակութային միջոցառումների անցկացման վայր, եւ որպես հիվանդանոց, եւ որպես զորանոց եւ որպես չքավորների ապաստարան:

1918թ.-ից ի վեր այդ շենքում տեղակայված է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը:

1948 թվականին այդ շենքում ողբերգական մահով մահացել է այդ ժամանակվա արտգործնախարար Յան Մասարիկը: Նա երրորդ հարկի իր բնակավայրի լոգարանի  պատուհանից ցած է ընկել եւ զոհվել: Այն ժամանակ ասում էին, որ դա ինքնասպանություն է, այժմ կարծում են, որ սովետական ռեժիմի ձեռքով Մասարիկը սպանվել է: Մասարիկի բնակավայրը Չեռնին պալատում այդպես էլ է մնացել է, այնտեղ ոչինչ չի փոխվել:

Յան Մասարիկի կիսանդրին՝ Չեռնին պալատում:

Յան Մասարիկի կիսանդրին՝ Չեռնին պալատում:

Մայիսի 14-16-ը հենց այդ շենքում էր կայանում Արեւելյան գործընկերության երկրների տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետների եւ լրագրողների համար սեմինարը , եւ մեզ հնարավորություն տրվեց լինել նաեւ Մասարիկի բնակարանում, տեսնել նրա լողարանը, այն ժամանակների համար արտառոց՝ մերսող լողախցիկը, այն պատուհանը, որտեղից նա նետվել է (կամ նետել են):

Սովորաբար պալատը փակ է այցելուների համար: Միայն տարին մեկ կամ երկու անգամ կարեւոր համազգային տոների ժամանակ այն կարճ ժամանակով բացվում է հյուրերի համար, որոնք կարող են հիանալ պալատի չքնաղ այգով, եւ պալատը վերակառուցած ճարտարապետների վարպետությամբ, որոնք այնպես են հավելյալ, ոչ այնքան շքեղ մասնաշենք ավելացրել պալատին, որը արտաքնապես ոչ մի կողմից չի երեւում: Շենքի ներսում արդեն բացի վսեմաշուք դահլիճներից եւ միջանցքներից, կան նաեւ ավելի անշուք՝ ավելի ուշ կառուցված մասնաշենքերի հատվածներ, որոնք հիշեցնում են սովետական շինությունները, սակայն այդ մասերը տեսնում են միայն ԱԳՆ աշխատակիցները, կամ այդ շենքում աշխատանքային այցելությամբ գտնվողները:

4

Չեռնին պալատի ներքին այգին:

DSCN6680

Չեռնին պալատի արտաքին այգին:

«Առավոտի» «Նոթատետր» բաժնում, որն, ըստ էության, Ֆեյսբուքյան ստատուսներին կամ անձնական բլոգներին փոխարինող դեր է խաղում, այս ամենը գրելուս դրդապատճառը այս լուսանկարն էր, որն արվել է… չեք հավատա՝ Չեխիայի ԱԳՆ շենքի զուգարաններից մեկում: Թերեւս՝ ամենագլխավոր զուգարանում: Երբ սեմինարի առաջին օրը աշխատակիցներից մեկից հետաքրքրվեցի, թե որտե՞ղ է զուգարանը, նա ցույց տվեց մի զարդանախշ դուռ, ինձ թվաց՝ իրար ճիշտ չենք հասկացել, բայց մոտեցա այդ դռանը, եւ տեսա, որ վրան, իրոք գրված է toilet, իսկ ներսում, ահա այս վիճակն էր, որը տեսնում եք լուսանկարում: Դե, բնականաբար, այնտեղից եւս երկու դուռ էր բացվում՝ գենդերային համապատասխան ուղղվածություններով, բայցեւայնպես, առաջին տպավորությունը այնպիսին էր, որ ես չկարողացա դիմանալ գայթակղությանը եւ խնդրել, որ ինձ լուսանկարեն այդտեղ:

DSCN6683

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031