Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է քաղաքապետարանը ձգձգում թիվ 27 դպրոցի տնօրենի մրցույթը

Մայիս 21,2014 13:47

Երեւանի թիվ 27 դպրոցի ոդիսականն այս անգամ շարունակվում է տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար մրցույթի ձգձգմամբ: Ես չգիտեմ, թե ով է կանգնած այն ձգձգելու ետեւում, սակայն ակնհայտ է, որ այդ մարդը կամ մարդիկ, ամեն ինչ ուզում են անել, որպեսզի մրցույթի օրը ձգվի, որը, սակայն, չի կարող 3 ամսից ավելին լինել: Ո՞րն է նպատակը: Կասկածներ ունեմ, որ նախկին դատապարտված տնօրենը վստահեցնում է իր խարդախությունները չտեսնող համախոհներին, որոնց հիշեցնեմ, թե ինչ քրեական գործով է դատապարտվել նախկին տնօրենը: Հավելագրել է 4 աշխատող ու բանկոմատից կանխիկացնելով՝ յուրացրել է 2 մլն-ից ավելի գումար, որով պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս, դպրոցի միջոցների հաշվին գնել է 2.212.000 դրամի գույք, որի մեծ մասը դպրոցի կարիքների համար օգտագործելու նպատակահարմարությունը Շենգավիթի դատախազը դրել է կասկածի տակ: 48 աշակերտ հավելագրել է եւ դպրոցի հաշվից 5.077.200 դրամ ետ է փոխանցվել պետբյուջե:

Նշեմ, որ համախոհների մեջ են դպրոցի ուսուցիչներ, որոնց, փաստորեն, շատ ձեռնտու է ունենալ նման տնօրեն, հարց է ծագում՝ ինչո՞ւ: Բոլորովին դժվար չէ եզրակացնել:
Քաղաքապետի հրամանով դատապարտված տնօրենն ազատվել է աշխատանքից, սակայն այսքանից հետո, դատապարտված տնօրենը 6 ամիս հետո ուզում է ետ գրավել տնօրենի աթոռը:

Տեսնենք՝ ՀՀ օրենքներն ի՞նչ են ասում այս մասին: ՊՈԱԿ-ի մասին օրենքը հստակ ասում է, որ դատապարտված անձը չի կարող լինել տնօրեն, ուրեմն նաեւ չի կարող տնօրենի մրցույթի հավակնորդ լինել, քանի դեռ դատվածությունը մարված չէ, իսկ Քրօր-ի 84-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է, որ նման դատվածությունը մարվում է մեկ տարուց հետո, եթե սրան էլ ավելացնենք դատախազի պահանջով ավելացրած լրացուցիչ 6-ամսյա պատիժը, որի վրա համաներումը չի տարածվում, ապա ստացվում է, որ դատապարտված տնօրենի պատժի մարման ժամկետը 1.5 տարի է:

Այս տարվա ապրիլի 28-ին կայացած մրցույթին դիմել էր երկու թեկնածու, որոնցից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ եւ դպրոցի կառավարման խորհուրդը պետք է ձեռնարկեր նոր մրցույթ հայտարարելու քայլերը: Սահմանված օրերի ընթացքում խորհուրդն առանց նշելու նոր մրցույթի օրը, այսինքն՝ կարգի խախտումով, դիմել էր լիազորված պետական մարմնին՝ Երեւանի քաղաքապետին, կրկին մրցույթ հայտարարելու առաջարկով, որին քաղաքապետարանը պատասխանել է, որ առարկություն չունի: Անհասկանալի է, թե ինչին առարկություն չունի քաղաքապետարանը, երբ նա պետք է առարկեր՝ պահանջելով ներկայացնել մրցույթի օրը, ինչպես պահանջում է տնօրենի մրցույթի անցկացման կարգը: Հերթական անգամ արձանագրենք փաստը, որ Երեւանի քաղաքապետարանը կամ դիտավորյալ, կամ ակամա խախտում է ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշումը:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւանի ավագանու
«Բարեւ Երեւան»
խմբակցության անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031