Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ խոսքը հասավ գյուղնախարարին՝ թրթուրները հասան տներ

Մայիս 21,2014 14:25

Այս տարի աննախադեպ քանակի թրթուրներ «գրոհել են» գյուղերը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ոտքը «խերով» չէր Կոտայքի մարզում. Հարությունյանն ինչ նշանակվել է Կոտայքի մարզպետ, այս մարզի մի շարք գյուղերում թրթուրները գրոհել են բնակավայրեր ու «անկուշտի» պես ուտում են ճանապարհին հանդիպած կանաչը: Թրթուրները նույնիսկ մարդկանց տներ են մտնում, եւ ինչպես գյուղացիները մեզ հետ զրույցում վստահեցրին՝ անգամ մարդկանց անկողիններ ու տաշտերով հավաքած խմելու ջրի մեջ են մտնում:

Կոտայքի մարզի Թեղենիք, Արզական, Բուժական, Արագյուղ համայնքների բնակիչներն «Առավոտի» հետ զրույցում միաբերան պնդեցին, որ նման հսկայական քանակությամբ թրթուրներ ու այդ կարգի «գրոհ» չեն հիշում, որ իրենց համայնքներում եղել է: Գյուղացիներն ասացին, որ երբեմն-երբեմն մի քանի հատ թրթուր նախկինում հանդիպել են, բայց որ այս տարվա պես «բանակով» հարձակվեն ու վնասեն դաշտերն ու տնամերձի սածիլները, չի եղել:

70-ամյա Ռազմիկ Գեւորգյանը, որը մասնագիտությամբ գյուղատնտես է, մեզ հետ զրույցում պատմեց, որ թրթուրներն անտառի հարակից տարածքի առվույտի, կորնգանի, գարիի դաշտերը «սրբելով» եկել ասել են գյուղ. «Իմ տերիտորիան՝ 5 հեկտար գարնանացան գարիի դաշտի կեսը չկա, կերել են: Անտառի մոտ առվույտի, կորնգանի արտերը կերել են, ինչքան բնական կանաչ կա էն վերեւներում՝ կերել են, պրծացրել են, հասել են տներ: 70 տարեկան մարդ եմ՝ սենց բան չեմ տեսել, նման կարգի օկնոգինա թրթուր մեր մոտերքում չի եղել: Սա թրթուրի էն տեսակն է, որ համատարած հարձակվում է, ամեն մեկը 700-1000 հատ ձու է դնում, դե պատկերացրեք, թե հազարներով ինչ աստղաբաշխական թվերի կհասնեն: Պետք է դեմն առնենք, էկող տարի էլ պիտի ուշադիր լինենք, եթե դեմը չառնենք, էկող տարի վիճակը սարսափելի կլինի: Ես գյուղնախարարության տղերքին էլ եմ ասել, որ անպայման միջոցներ ձեռնարկեն, տարածքը, անտառը ինքնաթիռով սրսկեն»:

Հիմա գյուղացիներն ուրախանում են, որ անձրեւ է գալիս, որովհետեւ թրթուրները անձրեւին դուրս չեն գալիս, թաքնվում են տարբեր տեղերում:

Մեզ հետ զրույցում որոշ գյուղապետեր ասացին, որ երբ խնդրի մասին գյուղատնտեսության նախարարությանը տեղեկացրել են, նախարարությունը թունաքիմիկատներ է տրամադրել, ու սրսկումներ են անում բոլոր հնարավոր վայրերում: Արդյոք թունաքիմիկատով սրսկված արոտավայրերն ու անասնակերի դաշտերն ու գյուղմթերքի տարածքները վտանգավոր չե՞ն՝ մեր այս հարցին 70-ամյա գյուղատնտեսն ասաց. «Անասունները, ճիշտ է, կարան ուտեն թունաքիմիկատ տված խոտերը, բայց մենք նախօրոք անասնապահին ասել ենք, որ գոնե 3 օրը էդ կողմերում չարածացնեն, 3 օրից թույնը չեզոքանում է, բայց ինչ-որ չափով էլի մնում է, բոլոր դեպքերում էլի թունավոր է»: Իսկ գյուղապետերը վստահեցրին, որ թունաքիմիկատը որոշ ժամանակ հետո իսկապես չեզոքանում է եւ ամենեւին էլ վտանգավոր չէ:

Այս համայնքի բնակիչներից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ շուտ չեն տեղեկացրել նախարարությանը, որպեսզի վնասակար թրթուրների դեմն առնեին, ու տները չլցվեին, նրանք ասացին. «Մի քիչ մենք ենք ուշացրել, մի քիչ նախարարությունն է ուշացրել, ու տենց՝ մինչեւ խոսքը հասավ «դիվան բաշուն», թրթուրներն էլ մեր տուն հասան»:
Գյուղացիներից ոմանք էլ պնդեցին, որ իրենք թրթուրների «գրոհի» մասին լավ էլ ժամանակին են տեղեկացրել, պարզապես այդ ընթացքում գյուղնախարարի «գլուխը խառն էր», նա դեռ չգիտեր՝ կվերանշանակվի՞, թե՞ պաշտոնանկ կարվի:

Գյուղացիներին զարմացրած ու գյուղացիների նկարագրած «անկուշտ» թրթուրներին նույնպես որպես անկուշտ նկարագրված է նաեւ գիտական գրականության մեջ. «Այդ տեսակի թրթուրներն անհագ սնվելով՝ արագ ոչնչացնում են բույսերն ու, նոր սնունդ փնտրելով, հաճախ տեղից տեղ են փոխադրվում»:

Արագածոտնի մարզի որոշ համայնքներում էլ թրթուրների «գրոհ է» նկատվել, բայց ոչ այն ծավալի, ինչպիսին Կոտայքի մարզում էր, Արագածոտնում նույնպես արոտավայրերի ու կաղամբի դաշտերն են հասել, բայց այստեղ էլ արդեն թունաքիմիկատներ են տրամադրվել, ու սրսկվել են թրթուրների հնարավոր «կանաչ սնունդը»:

Վնասատու թրթուրների ագրեսիվ ակտիվացումն ու շատացումը բնապահպան, «Թռչնասերների միության» նախագահ Սիլվա Ադամյանը պայմանավորում է որոշ թռչնատեսակների քանակի նվազմամբ. «Երբ շրջակա միջավայրի որեւէ շղթա խաթարվում է, բնության մեջ նման բաներ են տեղի ունենում: Թռչունների կերը թրթուրներն են, եւ հնարավոր է՝ թռչունների պակասից է թրթուրների շատացումը: Իսկ որ տարբեր՝ ոչ բնական պատճառներով որոշ տեսակի թռչուններ կամ լքել են իրենց բնակավայրերը, կամ քանակը նվազել է՝ դա հաստատ է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031