Ամեն տարի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսում փողոցներն ու մայթերը բարեկարգելու համար: Քաղաքացիներն էլ ուրախանում են՝ տեսնելով կատարվող աշխատանքները: Բայց ընդամենը կարճ ժամանակ անց որոշ փողոցներում գլխառադ արած աշխատանքի հետեւանքները «ջրի երես են» դուրս գալիս: Եթե որոշ փողոցներում մի քանի անգամ տեղացած անձրեւից կամ ձնից հետո ասֆալտը «հալվում-մաշվում է», ապա որոշ մայթերում էլ սալիկներն են ջարդուփշուր լինում կամ ճոճվում քայլող մարդկանց ոտքերի տակ:
Բացի այն, որ ճոճվող ու քանդրտված սալիկներն անհարմարություն են ստեղծում քայլելիս, անձրեւոտ եղանակին էլ այդ ճոճվող սալիկի վրա ոտքդ դնելուն պես՝ սալիկի տակ կուտակված ցեխաջուրը շատրվանի պես ցայտում է դեմքիդ ու հագուստիդ:
Տիգրան Մեծ փողոցի մի փոքրիկ մայթ, որը հատում է Մելիք-Ադամյան փողոցը, քայլելու համար, կարելի է ասել, վտանգավոր է, քանի որ սալիկները պոկված են, քայլելիս ոտքը ոլորելն անխուսափելի է: Նույն պատկերն է նաեւ Խորենացի փողոցի դեպի ոսկու առեւտրի կենտրոն տանող մայթը:
Մեզ հետ զրույցում այդ հատվածներով անցնող քաղաքացիները թուքումուր էին տալիս շինաշխատանքների պատասխանատուներին:
Կարդացեք նաև
«Էն մարդիկ, որ սենց անփույթ գործ են արել, իրենց տան «պարկետը» սե՞նց կսարքեին, բա քաղաքապետարանն ինչի՞ համար է, էդ որ սարքել ա տալիս, հետո չի՞ հետեւում, թե գործը ոնց են արել: Իմ ամեն օրվա ճամփեն է, ու սարքելուց մի տարի էլ չանցած՝ այս քարերը (նկատի ունի սալիկները) «օդ են թռնում»՝ հենց ոտքդ դնում ես վրան: Անունն էլ դնում են բարեկարգում, բարեքանդում է ավելի շուտ»:
Անցորդներից մեկի խոսքերով՝ «Երեւի մեծ փողեր են դուրս գրում, բայց էժան նյութեր օգտագործում, կամ էլ երեւի սահմանվածից քիչ են լցնում էդ, չգիտեմ, ավա՞զ ա, ցեմե՞նտ ա, ես՞իմ, էդ ի՞նչ նյութով են էս սալիկները կպցնում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ