Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ

Մայիս 21,2014 14:10

52 տարի առաջ էր… 1962 թվականի մայիսի 19-ին Նյու Յորքի Մեդիսոն սքուեր գարդեն դահլիճում հավաքված 15 հազար հանդիսատեսների առջեւ նախագահ Ջոն Քենեդիի ներկայությամբ Մերիլին Մոնրոն նրա համար կատարեց «Happy Birthday, Mr President» երգը: Շատերը հուզմունքից արտասվում էին: Երեք ամիս անց կյանքից հեռացավ Մերիլին Մոնրոն, հաջորդ տարի սպանեցին Ամերիկայի նախագահին:

Ամերիկացի երկու հետաքննող լրագրողներ, որոնց նոր գիրքը ԱՄՆ-ում վաճառքի է հանվելու մի քանի օրից՝ հունիսի 3-ին, պնդում են, որ Մերիլին Մոնրոյին դիտավորյալ սպանել են նախագահի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի պատվերով, թեեւ ըստ պաշտոնական վարկածի՝ հոլիվուդյան կինոաստղը «ենթադրաբար ինքնասպան է եղել»:

Ջեյ Մերգոլինը եւ Ռիչարդ Բասկինը «Մերիլին Մոնրոյի սպանությունը. գործը փակված է» գրքում փաստում են, որ Ջոն Քենեդիի եւ Մերիլին Մոնրոյի սիրային կապը սկսվել էր 1961 թվականին: Ամերիկայի նախագահի ուղղաթիռն այնքան հաճախ էր վայրէջք կատարում Սանտա Մոնիկայի Ոսկե լողափում, որտեղ Քենեդին իր փեսայի՝ դերասան Փիթեր Լոուֆորդի տանը հանդիպում էր ոչ միայն Մերիլին Մոնրոյի, այլեւ հոլիվուդյան այլ հայտնի դերասանուհիների հետ, որ այդ տունն անվանում էին Սպիտակ տան մասնաճյուղ:
Մերիլին Մոնրոն, ըստ երեւույթին, նախագահի հետ կապված մեծ հավակնություններ ուներ, մինչդեռ Ջոն Քենեդին չէր պատրաստվում բաժանվել կնոջից՝ Ժակլինից: Եվ նա խնդրեց եղբորը՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիին համոզել Մերիլին Մոնրոյին՝ այլեւս չզանգահարել Սպիտակ տուն եւ չանհանգստացնել իրեն:

Ռոբերտ Քենեդին 1962 թվականի ամռանը ժամանեց Լոս Անջելես, բայց չդիմացավ գայթակղությանը եւ ի վերջո հայտնվեց Մերիլին Մոնրոյի անկողնում: Փիթեր Լոուֆորդը հետագայում պատմել է. «Ռոբերտի նպատակը դա չէր, բայց ի վերջո նրանք գիշերն անցկացրեցին մեր տանը՝ հյուրերի համար նախատեսված ննջարանում»:

Դրանից հետո Ռոբերտը եւ Մերիլինը շարունակ հանդիպում էին: Դերասանուհին, որն այդ ժամանակ արդեն բաժանվել էր չորրորդ ամուսնուց՝ հայտնի գրող Արթուր Միլերից, հիմա էլ սկսեց անընդհատ զանգահարել գլխավոր դատախազի գրասենյակ: Ռոբերտն ի վերջո խոստացավ բաժանվել կնոջից՝ Էթելից եւ ամուսնանալ Մերիլինի հետ:
Հետո սթափվեց, հետ կանգնեց խելահեղ մտքից, եւ հենց այդ ժամանակ Մերիլինը հայտնեց, որ իր փոքրիկ կարմիր օրագրում արձանագրել է երկու եղբայրների հետ ինտիմ հարաբերությունների բոլոր մանրամասները եւ սպառնաց հրապարակել դրանք մամուլի ասուլիսում: Հարցականի տակ էր դրվում Քենեդիների գերդաստանի բարի անունը: Ռոբերտը պահանջեց իրեն հանձնել այդ կարմիր օրագիրը, Մերիլինը հրաժարվեց: Հարկավոր էր ինչ-որ բան ձեռնարկել:

«Ռոբերտ Քենեդին մտադիր էր լռեցնել դերասանուհուն՝ անկախ հետեւանքներից», – հետագայում ասել է նրա փեսան՝ Լոուֆորդը:

Մերիլինի հետ սեռական կապ ուներ նաեւ նրա բժիշկը՝ Ռալֆ Գրինսոնը: Ռոբերտ Քենեդին գիտեր այդ մասին: Գիտեին նաեւ Հետաքննությունների դաշնային բյուրոյում եւ Կենտրոնական հետախուզական վարչությունում, քանզի Մոնրոյի տանը, բնականաբար, ձայնագրող սարքեր էին տեղադրված:

Եվ Ռոբերտ Քենեդին բժշկին կարգադրեց «մի բան անել»՝ հասկացնելով նրան, որ Մերիլինը մտադիր է հրապարակել այդ կապը, ինչը ոչ միայն խաչ կդներ բժշկի կարիերայի վրա, այլեւ Գրինսոնը կարող էր բանտում հայտնվել: Գլխավոր դատախազը ստում էր՝ Մերիլինը նման մտադրություն չուներ:

Օգոստոսի 4-ին կեսօրից հետո Ռոբերտը փեսայի ուղեկցությամբ եկավ Մերիլինի տուն: Փեսան մի բաժակ շամպայն լցրեց իր համար եւ դուրս եկավ՝ միայնակ թողնելով Ռոբերտին եւ Մերիլինին: Նրանց թեժ վիճաբանությունը տեւեց մոտ 10 րոպե, իսկ երբ Լոուֆորդը լսեց Մերիլինի ճիչերը եւ ներս մտավ, տեսավ, որ դերասանուհին փոքր դանակով փորձում է հարձակվել նախագահի եղբոր վրա: Լոուֆորդը խլեց դանակը նրա ձեռքից: Ռոբերտը հեռացավ, բայց քիչ անց վերադարձավ թիկնապահի հետ, որը հանգստացնող հաբեր տվեց, հետո էլ սրսկեց Մերիլինին: Մինչ դերասանուհին պառկած էր անգիտակից վիճակում, Ռոբերտը փեսայի հետ միասին սկսեց տակնուվրա անել տունը՝ փնտրելով փոքրիկ կարմիր օրագիրը:

Եկավ Մերիլինի աղախինը եւ, տեսնելով դերասանուհու ծանր վիճակը, շտապօգնություն կանչեց: Մինչ բժիշկները մերսում էին Մերիլինի սիրտը, փորձելով ուշքի բերել նրան, ներս մտավ դերասանուհու բժիշկը՝ Գրինսոնը:

Շտապօգնության աշխատակիցը հետագայում պատմել է, թե ինչպես Գրինսոնը վերցրեց սրսկիչը, ամրացրեց մի մեծ ասեղ, լցրեց ինչ-որ հեղուկ: Գրքի հեղինակները՝ բազմաթիվ փաստարկներ վկայակոչելով, պնդում են, թե դա պենտոբարբիտալ էր՝ չափազանց ուժեղ դեղամիջոց: Գրինսոնը ասեղը մտցրեց Մերիլինի կրծքի շրջանում, փորձելով հասնել սրտին: Ասեղը դեմ առավ կողին: «Փոխանակ հասկանար իր սխալը եւ նորից փորձեր ներարկել, Գրինսոնը ողջ ուժով սեղմում էր սրսկիչը, ջարդվող ոսկորի ձայն լսվեց, հասկացա, որ ասեղով վնասել է կողը, դա պարզապես վայրագություն էր», – հետագայում պատմել է շտապօգնության բժիշկը: Գրքի հեղինակները եզրակացնում են՝ հենց սրտի այս ներարկումից էլ մահացավ Մերիլին Մոնրոն. «Հինգ վկա է եղել, որոնցից երեքը միանշանակ պնդում են՝ Մոնրոյի մահվան համար պատասխանատու է նրա բժիշկը՝ Գրինսոնը»: Գրինսոնը մահացավ 1979 թվականին, Ռոբերտ Քենեդիի փեսան՝ 1984 թվականին, ինքը՝ Ռոբերտ Քենեդին՝ 1968-ին:

Շտապօգնության բժիշկը հետագայում նաեւ պատմել է, որ Մերիլինի անկողնու մոտ ոչ ջրի բաժակ կար, ոչ ալկոհոլի շիշ, ոչ էլ բերանից թմրամիջոցի հոտ էր գալիս, ինչը լիովին հերքում է այն վարկածը, թե դերասանուհին միանգամից 64 հաբ էր խմել եւ ինքնասպան եղել:

Դետեկտիվ Մայք Ռոթմիլերը հետագայում փաստել է՝ «Նրանք, ովքեր հետաքննում էին գործը, ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն Քենեդիների գերդաստանի բարի անունը»:
Գրքի հեղինակներն ամփոփում են՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Էդգար Հուվերը գիտեր այս ամենի մասին: Ռոբերտ Քենեդին էլ գիտեր, որ Հուվերը գիտեր…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031