Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործով զոհը պահանջելու է դռնբաց դատական նիստ

Մայիս 21,2014 14:06

Ա. Ժ.-ի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է: Նա շարունակում է ընդունել հոգեմետ դեղեր, գտնվում է հոգեբանների հսկողության տակ:

Ա. Ժ.-ի գործով դատական քննությունները շարունակվում են:

Մայիսի 21-ին հաջորդ դատական դռնփակ նիստն է, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, տուժող Ա. Ժ.-ն միջնորդելու է, որպեսզի դռնփակ դատական նիստը լինի բաց, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինն ակնհայտ ցինիզմ է դրսեւորել նրա նկատմամբ:

Ա.Ժ.-ն 2012 թ. մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի բաժին է դիմել՝ հանցագործության մասին հաղորդմամբ: Ըստ այդ հաղորդման, 2012 թվականի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում Լ. Ս.-ն ծեծի է ենթարկել նրան, զոհի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, զրկել նրան կուսությունից եւ պատճառել մարմնական վնասվածք: Ներկայացված հաղորդման հիման վրա 2012 թ. հունիսի 8-ին Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կավեյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նա ճանաչվել է տուժող:

Սակայն նույն քննիչի որոշմամբ էլ ամիսներ անց քրեական գործի վարույթը կարճվել է` Լ. Ս.-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հետեւաբար, այս գործով չկա մեղադրյալ, եւ զոհի կողմը պայքարում է, որպեսզի Լ.Ս.-ն քրեական պատասխանատվության եւ հետապնդման ենթարկվի:

Զոհը բողոք էր բերել քննիչի կայացրած որոշման դեմ:

2012 թվականի օգոստոսի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից մերժվել է քննիչի որոշման դեմ բերված բողոքը: Մերժման հիմքում դրվել է «քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի 08. 08. 2012 թվականի որոշումը կայացվել է նախաքննության բազմակողմանիությունը եւ լրիվությունը ապահովելու արդյունքում, որն օրինական է եւ հիմնավոր» պատճառաբանությունը:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ քննության առնելով Ա. Ժ.-ի բողոքը, այն իր 13.02.2013 թվականի որոշմամբ վերացրել է քննիչի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Ըստ դատարանի, նախաքննությունը կատարվել է թերի եւ միակողմանի: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժինը, որը նախաքննության տերն է, անտեսել է եւ քննության առարկա չի դարձրել Լ.Ս.-ի վերաբերյալ մի շարք ապացույցներ: Խոսքը զոհին ուղղած հեռախոսազանգերի, դեպքի օրվա բազմաթիվ զանգերի, Լ.Ս.-ի տեսաձայնագրության եւ այլ տեսաձայնագրության մասին է: Ի դեպ, դեպքի օրը Լ. Ս.-ն շանտաժի է ենթարկել զոհին, նրանից գումարներ պահանջել, իսկ նախաքննական մարմինն էլ չի տվել քրեաիրավական գնահատական Լ. Ս.-ի կողմից բռնի սեքսուալ գործողություններին պարտադրելու, ավելի վաղ զոհի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու փաստերին:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի բաժնի քննիչ Ա.Կավեյանը, ըստ մեղադրանքի կողմի, այդ գործով ունեցել է շահագրգիռ մոտեցում:

«Քննիչը քրեական գործի նախաքննության ընթացքում չի պահպանել նախաքննության գաղտնիության պահանջը եւ իր գործընկերներին տեղեկություններ է հայտնել գործի հանգամանքների վերաբերյալ, որոնք էլ եղբորս` Հ. Ժ.-ի ներկայությամբ քննարկել են գործի մանրամասները եւ կարծիք հայտնել, թե իբրեւ «ես զրպարտում եմ անմեղ մարդու»,- ՀՀ նախագահին, ՀՀ ոստիկանապետին, ՀՔԾ պետին ուղղված նամակ-բողոքում գրել էր զոհը:
Ի դեպ, Ա.Ժ.-ն նաեւ տեղեկացրել էր, որ քննիչը նրան հարցաքննել է մեկ այլ քննիչի եւ երրորդ անձի ներկայությամբ: Բայց քանի որ ամեն բան փակ դռների ետեւում է եղել, որեւէ բողոք, որեւէ տեղեկատվություն դուրս չի սպրդել:

Ըստ նրա, քննիչի հանձնարարությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել ոչ թե Լ. Ս.-ի վարքագծի հետ կապված օպերատիվ միջոցառումներ անցկացնելու համար, այլ զոհի՝ նրան վարկաբեկող եւ բացասական բնութագրող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով, մինչդեռ Լ.Ս.-ի մասով այդ նույն տեղեկությունները ձեռք բերելու եւ վերջինիս կողմից կատարված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որեւէ միջոց չի ձեռնարկվել: Ավելին, զոհին մշտապես քննիչը վախեցրել է, թե «էնքան մարդ կա վկայություն տալու», այսինքն՝ այդքան մարդ կիմանա կատարվածի մասին:

Այդպես էլ եղել է. զոհի ծանոթներից հրավիրվել են վկաներ, որոնք տեղեկացել են կատարվածի մասին, մինչդեռ Լ.Ս.-ի հետ կապված մեկ-երկու վկա են հարցաքննվել:
Զոհը բողոք էր ներկայացրել նաեւ Երեւանի դատախազին, որն այսօր ՀՔԾ պետն է:
Մեղադրանքի կողմի հովանավորության տակ գտնվող Լ.Ս.-ի համար դատախազը դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, թե Լ.Ս.-ն ունի մշտական աշխատանք, ամենամսյա կայուն եկամուտ, ամուսնացած է, ունի ընտանիք, նա չէր կարող կատարել տվյալ հանցագործությունը:

Զոհի կարծիքով՝ իրավապահ մարմինները փորձել են կատարված հանցագործության «մեղքը» բարդել զոհի վրա եւ պարտակել կատարված հանցագործությունը, իր կողմից մեղադրվողին վերջնականորեն ազատել քրեական, բարոյական պատասխանատվությունից:

Զոհը քանիցս դիմել է դատարան, որ անօրինական է կարճվել գործը, դատարանը 2 անգամ վերացրել է քննիչի կարճման որոշումը, ինչը մեղադրանքի կողմը բողոքարկում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031