Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բարկ քացախի նման չպայթեցնել սեփական կարասը

Մայիս 21,2014 14:00

Միսաք Գոչունյանի հոդվածներն այսօր էլ ժամանակավրեպ չեն

Պոլսահայ մտավորականության վառ ներկայացուցիչ, արձակագիր, հրապարակախոս, Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ խմբագիր Միսաք Գոչունյանի (Քասիմ) համարձակ ու բեղուն գրիչը ծնունդ է տվել մի շարք հոդվածների, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: 1908-ի հոկտեմբերի 28-ին, նա իր եղբոր` Սարգիս Գոչունյանի հետ, հիմնադրել է «Ժամանակ» օրաթերթը, որի հրատարակությունը հաջողությամբ եւ պատվով շարունակում է Արա Գոչունյանը: Այժմ մեր ձեռքի տակ է Քասիմի «Օրուան մտածումներ» (1908-1913) հոդվածների ժողովածուն, որին նվիրված՝ օրերս գիտաժողով էր կազմակերպվել նաեւ Մատենադարանում:

qasim2

«Օրուան մտածումներ»-ը խմբագրել է Սեւան Տեյիրմենճյանը, որը նաեւ Քասիմի հայտնի՝ «Կրակին մէջէն» վեպի խմբագիրն է: Հիշեցնենք, որ այդ վեպը ներկայացնում էր երկու հայ ընտանիքների պատմությունը՝ «Բանկ Օտոմանի» գրավման, Համիդյան բռնապետության տարիների արհավիրքների համատեքստում:

Դառնալով «Օրուան մտածումներ»-ին, նշենք, որ այս ժողովածուում էլ զգացվում է, թե ինչպես է բաբախում Միսաք Գոչունյանի սիրտը ամեն սայթաքումի համար ու ինչպիսին կուզենար նա տեսնել պոլսահայոց եւ ընդհանրապես հայոց վիճակն ու ճակատագիրը:
«Ամէն անգամ որ հին՝ բռնապետական ռեժիմին անիրաւութիւններէն դրուագի մը հանդիպինք, իսկոյն կը տարուինք հարցնելու, թէ ի՞նչ շահեցանք ազատութենէն: Եթե մեզ շրջապատող ուրիշ ազգեր այդ հարցումը ուղղեն, գոնէ մենք իրաւունք չունինք անոնց ձայնակցելու, քանի որ բռնապետական վարչութեան ամբողջ խստութիւնները, հարստահարութիւնները ու չարատանջ խուժդուժութիւնները միմյան մեզի ուղղված էին եւ չկար հայ մը, որ իր անձը, պատիվը, հարստութիւնն ու նոյնիսկ գոյութիւնը ապահով նկատէր»,- գրել է Միսաք Գոչունյանը՝ «Թէ ինչ շահեցանք ազատութենէն» հոդվածում:
«Եթէ ազատութիւնը մեր բարօրութիւնը մեր բարօրութեան, երջանկութեան ու իբրեւ մարդ ապրելուն պիտի չծառայէ՝ ինչ արժեք ունի ուրեմն ան. հետեւաբար ամեն բանէ առաջ անհրաժեշտ է, որ ազատ ապրելու արուեստը սորվինք, որ չսայթաքինք մեր դեռավարժի քայլերուն մէջ եւ ասպարէզը չձգենք մեր ուրիշ մրցակիցներուն»,- «Ազատ ապրելու աուեստ»-ում նման կառուցողական միտք է հայտնում հեղինակը:

Ի թիվս այլ խնդիրների ու ցավալի իրողությունների, Միսաք Գոչունյանն անդրադարձել է նաեւ Օսմանյան Թուրքիայի տարածքից արտագաղթին եւ դրա նախապատմությանը:
«Մեր պաշտօնակից «Սապահ» իր առջի օրուան թուով կ՛արտատպէ Սեբաստիաէն թերթիս ղրկուած այն լուրը, թէ տեղւոյն հայերուն մէջ արտասահման գաղթելու հոսանք մը սկսած է գոյանալ, որ հետզհետէ կ՛արծարծուի եւ ամէն օր 20-էն 60 հոգի իրենց ընտանիքը լքելով դէպի Ամերիկա կը գաղթեն»,- ցավ է հայտնում պոլսահայ գործիչը («Ինչու կը գաղթեն Օսմանեան երկրէն»):

«Կարելիականութիւնը» հոդվածում եւս նա մատը դրել է հայության զարկերակին ու քաջ գիտակցում է նրա առաջ ծառացած հրամայականները. «Մենք փոքրամասնութիւն մը Օսմանեան երկրին մէջ, պէտք է որ ազատութեան եւ արդարության դատին կարելիականները ըլլանք՝ առանց բան մը զոհելու մեր ազգային արժանապատութենէն, առանց բան մը յապաւելու մեր գոյութիւնը ապահովող միջոցներէն, պէտք է միշտ հաւատքով աշխատիք արդարութեան օրինական միջոցներով իրագործումին համար»:
Նրա մեկ այլ հոդված՝ «Համիտին հայաջինջ ծրագիրը ո՞վ կշարունակէ», ուղղակի սթափության կոչ է: «…Հարկ կը զգանք շեշտել, թէ կուսակցութիւնները տապալելու համար նոր կուսակցութիւններ ստեղծելուն մէջ չէ ազգին շահը, որովհետեւ վաղը այն կուսակցութիւնն ալ կը զօրանայ, կը բռնանայ եւ զայն տապալելու համար ալ դարձյալ հարկ կ՛ըլլայ նոր կուսակցութիւն մը ստեղծել: Մեր ազգին բուն շահը կուսակցութիւնները միացնել, երկպառակութիւնները բառնալ եւ փոխադարձ զիջողութիւններով ազգը իր առաջնորդուած այս անել խորխորատէն փրկելն է: Մեզի պէս որեւէ կուսակցութեան պատկանելու, չեզոք կերպով իրերը դիտել եւ քիչ-շատ փորձառութիւն ունեցողները դիւրաւ կրնան տեսնել, որ Համիտն այդչափ մեծ ճիգերով չկրցած փճացուցած հայ ազգը, շատ չանցած ինքզինք պիտի փճացնէ, իր կարասը պայթեցնող բարկ քացախի նման»,- ցավով փաստում է երեւելի գործիչը:

Միսաք Գոչունյանի՝ «Օրուան մտածումներ»-ում ամփոփված հրապարակախոսական հոդվածներն արժե Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ, եւս մեկ անգամ ընթերցել՝ համապատասխան դասեր քաղելու եւ հետեւություններ անելու համար: «Օրուան մտածումներ»-ը հայի տեսակը պահպանելու եւ նեղ եսային հավակնություններից վեր կանգնելու ինքնատիպ կանոնագիրք է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031