«Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների ընկերական հանդիպումից հետո, որում մեր մարզիկները բացահայտ առավելությամբ առավելության հասան մրցակցի նկատմամբ, «Առավոտը» զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ:
– Պարոն Թորոսյան: Մեր մարզիկները ութ քաշային կարգում տարան յոթ հաղթանակ, մեկ մենամարտ էլ ավարտվեց ոչ-ոքի: Գո՞հ եք:
– Թիմային այսպիսի հաղթանակից հետո հնարավոր չէ արդյունքից գոհ չլինել:
– Վրաստանում կայացած առաջին հանդիպումում մերոնք զիջել էին: Այս անգամ Հայաստանի հավաքականի հիմնակա՞ն անդամներին էիք ռինգ մտցրել:
Կարդացեք նաև
– Ես մի քանի ամիս առաջ ասել եւ հիմա էլ կրկնում եմ, որ այսօրվա դրությամբ մեզ համար հավաքականի հիմնական եւ պահեստային անդամներ չկան: Չունենք առաջին, երկրորդ կամ երրորդ համարներ: Առայժմ բոլորն էլ հավասար են, բոլորն էլ հավաքականի թեկնածուներ են եւ տարբեր մրցաշարերում բոլորին էլ փորձարկում ենք: Այլ կերպ ասած, բոլորն էլ փորձաշրջան են անցնում:
– Ընկերական հանդիպման հաշվից գոհ եք: Իսկ մեր մարզիկների որակական մակարդակը ձեզ բավարարե՞ց:
– Ինքներդ էլ, հավանաբար, տեսնում եք, որ որոշակի առաջընթաց կա: Բայց որակական առումով, այնուամենայնիվ, մարզիկները դեռ շատ հեռու են իմ պատկերացրածից: Միասին աշխատելու դեռ շատ տեղ ունենք: Մեզ դեռ մեկուկես, երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի տեսնենք մեր բռնցքամարտի իրական դեմքը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը գավաթներ է հանձնել այս մրցաշարում Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Ղազանչյանին (ձախից) եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին:
«Առավոտ» օրաթերթ